26/09/2016 11:44
Դավիթ Տոնոյանը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը քննարկել է դեսպան Կասպրշիկի հետ
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ:
Ինչպես հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը:
Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անթույլատրելի է համարել հրադադարի խախտման փաստը և ընդգծել, որ մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Դեսպան Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մարդկային կորստի վերաբերյալ, խոստացել է քայլեր ձեռնարկել իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար: