26/09/2016 19:38
Նոր մոտեցում է ցուցաբերվելու հայկական երգարվեստին. պրոդյուսերը՝ «Vanilla» խմբի մասին
Հայկական շոու բիզնեսում վերջին շրջանում նոր անուններ գրեթե չեն հայտնվում: Սակայն օրերս համացանցում հայտնվեց նոր՝ «Vanilla» խմբի համանուն տեսահոլովակը, որը խմբի առաջին աշխատանքն է:
Խմբում ներգրավված են երկու երգչուհիներ՝ Անի Հարությունյանն ու Կիմա Գրիգորյանը, ովքեր ապրում ու ստեղծագործում են Հայաստանում:
«Այս համագործակցության հիմքը դրվել է «X ֆակտոր» նախագծից, որին մասնակցում էին «Two colors» անվամբ: Այդ ժամանակ դեռ միայն Կիման էր կիթառ նվագում, բայց նախագծից հետո Անին նույնպես նվագել սովորեց՝ ընդամենը մեկ տարում հասնելով փայլուն արդյունքի: Այնուհետև երկուսով սկսեցին հայտնի երգերի cover-ներ անել: Հասկացանք, որ ներկայանալու պահն է եկել: Սկզբում տատանվում էինք, թե ո՞ր երգը ընտրենք որպես այցեքարտ, ու ընտրեցինք ամենադրականը: Ինչ վերաբերում է խմբի անվանը, ապա անընդհատ քննարկում էինք, մտածում՝ ինչ անուն ընտրել: Նկարահանումներից առաջ հասկացանք՝ «քթներիս տակ» եղած անունը չենք նկատել», - ժպիտով մանրամասնեց խմբի պրոդյուսեր, ռեժիսոր Վահե Հարությունյանը:
Ստեղծագործական խումբն այժմ նոր երգ է պատրաստում, տեսահոլովակն էլ նկարահանվելու է Մոնակոյում: Ի դեպ, «Vanilla»-ն երգելու է ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով:
«Աղջիկները տարբեր լեզուներով են երգելու, բայց հիմնական լեզուն հայերենն է լինելու: Ամենակարևորը, նոր մոտեցում է ցուցաբերվելու հայկական երգարվեստին: Ճիշտ է, հեծանիվ չենք հորինելու, բայց յուրովի ենք կատարելու մեր աշխատանքը ու ամենակարևորը՝ անկեղծ: Վստահ եմ՝ տարբերվելու ենք դաշտում կատարողներից, ու խումբը որակյալ ստեղծագործություններ է մատուցելու իր հանդիսատեսին: Ասեմ, որ երկրորդ տեսահոլովակը պատրաստվում ենք նկարահանել Մոնակոյում: Հայերեն երգ է», -Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց պրոդյուսերը: