27/09/2016 19:25
Մշակույթի նախարարն իր տեղում պետք է լինի՝ Արմենչիկի պես ազգային մշակույթ ոչնչացնողը չստանա վաստակավոր արտիստի կոչում. Գագիկ Գինոսյան
Նորանշանակ վարչապետի հետ մեկտեղ վերջին օրերին կառավարության կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում: Բացի նախարարությունների անուններից, փոխվում են նաև դրանցից շատերի ղեկավարները: Ի զարմանս այն բանի, որ շատերին թվում է, թե մշակույթի նախարարի աթոռն ամենաամուրն է, արդեն մի քանի օր է՝ շշուկներ էին տարածվում, որ Հասմիկ Պողոսյանը ևս փոխարինելի է:
Aysor.am-ը «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար, ազգային պարարվեստի գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանի հետ զրուցել է Մշակույթի նախարարության, գործունեության, գործառույթների և առհասարակ մշակույթի մասին:
Գագիկ Գինոսյանի հետ հոդվածը դեռ պատրաստման փուլում էր, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահի հրամանագրով մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը:
«Կարծում եմ՝ ստեղծագործող, ներեցեք, գուցե անհամեստ հնչի, գիտականորեն ավանդական մշակույթը վերականգնելու փորձ անող մարդու համար մշակույթի նախարարի պատասխանատու դերի ստանձնումը մեծագույն հարված է: Իհարկե, շատ կարևոր պաշտոն է, որը շատ անելիք ունի: Ազգային նկարագիր ունեցող, ազգային մակույթն իր մեջ կրող, բայց, այնուամենայնիվ, ադմինիստրատիվ աշխատանքի մեծ ռեսուրս ու փորձ ունեցող մարդ պետք է լինի: Ես կարող եմ լավ խորհրդական լինել, իմ տեսակետները հուշել ազգային մշակույթի հետ կապված, բայց ադմինիստրատիվ, կազմակերպչական աշխատանքի մեծ փորձ ունեցող մարդ պետք է լինի այդ պաշտոնին», - ասաց մեր զրուցակիցը:
Գ. Գինոսյանի խոսքով, ցավոք, այսօր պետական ապարատում տեղ գտած մարդկանց մեծ մասը հոգեպես և մշակութապես կրողը չեն այն ամենի, ինչի կազմակերպմամբ զբաղվում են: Ինչպե՞ս է գնահատում նա այսօրվա Մշակույթի նախարարության գործունեությունը, կաղապարվա՞ծ է արդյոք վերոնշյալ հաստատությունը:
«Այո, կաղապարված է: Մշակույթի նախարարության թերացումների մեջ կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Թերացումը միակողմանի չէ, մեդալը երկու կողմ ունի: Մեր աշխատանքի հիմքում ընկած է սերը, նվիրվածությունը, իսկ այնտեղ բոլորովին այլ մոտեցում է, որին ես ընդհանրապես ծանոթ չեմ: Այդ ահռելի մեքենան աշխատացնելու համար այդքան ռեսուրս գտնել, վերաձևավորել ու վերադաստիարակել՝ բարդ է: Պետք է նաև ընդհանուր եզրեր գտնել կառավարության, ինչու ոչ՝ նաև նախագահի հետ, որպեսզի պատասխանատվություն ստանձնելուց զատ նաև ազատություն ստանաս մշակութային քաղաքականություն իրականացնելու համար: Այլապես, եթե պետք է ինչ-որ մեկի հրահանգները կատարես, չկարողանաս շեղվել այդ հրահանգներից, չկարողանաս տնօրինել, որ Արմենչիկին մշակույթի վաստակավոր արտիստի կոչում չտան, ինչ-որ անհասկանալի մարդիկ անհասկանալի տեղում չհայտնվեն, այս ամենը քո տնօրինությունից դուրս պետք է լինի՝,ապա անիմաստ է այս պաշտոնը ստանձնելը: Ինձ համար նույնիսկ վիրավորական կլինի՝ լինել մշակույթի նախարար ու ինչ-որ մի ատյանում որոշվի՝ Արմենչիկի պես ազգային մշակույթ ոչնչացնողը ստանում է վաստակավոր արտիստի կոչում: Բացի նրանից, շատ անուններ ևս կարող եմ տալ, բայց չեմ ցանկանում: Նախարարը պետք է կրի և՛ պատասխանատվություն, և՛ հաշվետվություն ներկայացնի, բայց և գործելու ազատություն ունենա, որպեսզի անհասկանալի բարբաջողներ, վայ երգիչներ, ռաբիզություններ ոչ իրենց տեղում չհայտնվեն»,-ընդգծեց նա:
Այսօր մշակութային կյանքից առավել զերծ են շրջանները, սահմանամերձ գյուղերը, որոնց մշակույթի տները վերածվել են հանդիսությունների սրահների:
«Վերջերս գյուղերից մեկում մի երիտասարդ տղայի հարցրեցի՝ ձեր մշակույթի տունն աշխատո՞ւմ է, ասաց՝ իհարկե աշխատում է: Հարցիս, թե ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվում, պատասխանեց. հոգեհաց են տալիս, մեկ-մեկ էլ հարսանիք է լինում: Պատկերացնո՞ւմ եք, թե՞ ինչքանով է մշակույթը զարգացած սահմանամերձ գյուղերում: Սա մշակութային առումով անձնասպանություն է, ազգասպանություն: Պատկերացրեք, եթե Պարույր Սևակի գյուղում գրադարան չլիներ, Սևակ կծնվե՞ր: Իհարկե ոչ, եթե չկան մշակույթի տներ, ինչպե՞ս կարող է այդտեղ ծնվել մշակույթի գործիչ: Ինչպե՞ս կարող է Հայաստանում մշակույթ զարգանալ, եթե նպաստող ոչինչ կա»,-մանրամասնեց նա:
Ըստ մեր զրուցակցի՝ մշակութային կյանքը վերականգնելու համար տևական ժամանակ է պետք:
«5-10 տարվա աշխատանք է պետք, որը պահանջում է և՛ ադմինիստրատիվ ռեսուրս, և՛ իշխանությունների կողմից տրված ազատություն: Նրանք պետք է նախևառաջ ընտրեն ճիշտ կադրի, լավագույնին, այնուհետև՝ թույլ տան աշխատի»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գագիկ Գինոսյանը: