27/09/2016 09:44
«Գրական տապան 2016»-ի շրջանակում ներկայացվել է Գոհար Գալստյանի «Նավամատույց» գիրքը
«Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել բանաստեղծ, արձակագիր Գոհար Գալստյանի «Նավամատույց» գրքի շնորհանդեսը:
«Նավամատույց»-ը հեղինակի յոթերորդ ժողովածուն է, որտեղ հիմնականում նոր բանաստեղծություններ են և գրական հանդեսներում ու կայքերում վերջին տարիներին հրատարակված շարքեր: Գիրքը բաղկացած է հինգ բաժիններից, որոնք ներկայանում են «Անսկիզբ նավարկություն», «Աննավարկություն», «Ծանր թիեր», «Մոլորակները մոլորվածներ չեն» և «Մակընթաց լեռան նավակողից» խորագրերով:
«Ես հինգերորդ անգամ եմ մասնակցում «Գրական տապան» փառատոնին և շատ բարձր եմ գնահատում այս բացառիկ նախաձեռնությունը: Փառատոնն ամեն անգամ շատ հետաքրքիր ընթացք և մասնակիցներ է ունենում: Իմ ընկերները, կարդալով բանաստեղծություններից մի քանիսը, հիշելու են տապանի մեր ընթացքը», - շնորհանդեսին ասել է հեղինակը:
«Գրական տապան»-ի համահիմնադիր, համակարգող և մշակութային տնօրեն Դավիթ Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել Գոհար Գալստյանին, «որ նա մեր տապանի նավազներից է և պարտաճանաչ կերպով կատարում է իր բանաստեղծական պարտքը»:
Գրող, գրականագետ, գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը տեղեկացրել է, որ գրախոսություն է նվիրել է Գոհար Գալստյանի նախորդ` «Տանիքի դարպասներ» գրքին: Գրաքննադատը շեշտեց, որ նախորդ ժողովածուն արդիական էր և ներառում էր այն բոլոր տագնապները, որոնք մտահոգում են բոլորին ամեն օր:
Հիշեցնենք, որ գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ:
«Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարքայլ միջոցառումներ: Փառատոնն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է: Անձ: Հասարակություն: Ազգ: Աշխարհ» խորագրի ներքո: