28/09/2016 15:59
Հայկական մշակույթը կարող է լավ գրավական հանդիսանալ զբոսաշրջիկների ներգրավման առումով. վարչապետը ներկայացրել է Արմեն Ամիրյանին
Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանին:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին կատարած աշխատանքի համար:
Կարեն Կարապետյանը նշել է, որ մշակույթն ու պատմությունը մեր ազգի հպարտությունն են, և ավելացրել, որ ոլորտի մասնագետներից ակնկալում է առավելագույնս արժևորել այն:
«Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որպեսզի քաղաքացին և աշխարհը ճանաչի մեր մշակույթը, կարողանանք ստեղծել մի միջավայր, որը թույլ կտա ՀՀ քաղաքացուն ծանոթանալ միջազգային մշակութային արժեքներին: Այդ իսկ պատճառով, նոր նախարարից և ձեր թիմից ակնկալում եմ առավելագույն արդյունավետ աշխատանք», - նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի խոսքով՝ հայկական մշակույթը մեծ դեր ունի և կարող է լավ գրավական հանդիսանալ նաև զբոսաշրջիկների ներգրավման առումով:
Վարչապետն Արմեն Ամիրյանին և նախարարության անձնակազմին մաղթել է արդյունավետ և ստեղծագործ աշխատանք: