28/09/2016 11:27
Եթե խնդիր լինի, խոստանում եմ միջամտել Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքներին. Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանը թիրախային է դարձնելու մասսայական սպորտը:
«Նոր եմ նշանակվել, պետք է աշխատենք, ծրագրերը հաստատենք, բայց կարող եմ վստահ ասել, որ թիրախային ենք դարձնելու մասսայական սպորտը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Նա ընդգծեց, որ առաջնային ծրագրերում են սահմանամերձ գյուղերում աշխատանքները, «որ մարդիկ դեպի սպորտ գան»:
«Ամենակարևորը դա է ու, ընդհանրապես, բոլոր գյուղական համայնքներում պետք է զարգացնենք սպորտը, կարողանանք մարդկանց տանել դեպի սպորտ, որովհետև մեզ պետք է առողջ սերունդ», - ասաց սպորտի նորանշանակ նախարարը:
Հարցին՝ կտարբերվի՞ նոր նախարարը նախորդներից, կարողանալով որևէ միջամտություն ունենալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կատարվող աշխատանքներին, Հրաչյա Ռոստոմյանը պատասխանեց. «Բոլոր խնդիրները և հարցերը կլինեն օրակարգային, երբ կլինի խնդիր, մենք անպայման կմիջամտենք»:
Անդրադառնալով մամուլում այսօր տեղ գտած հրապարակմանը, թե Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում համակարգել է նախարարության աշխատանքները, նորանշանակ նախարարն ընդգծեց. «Ես աշխատել ու աշխատում եմ ՀԱՕԿ-ում՝ որպես գլխավոր քարտուղար, ես այդ ժամանակահատվածում որևէ առնչություն դե յուրե, թե դե ֆակտո չեմ ունեցել սպորտի և երիտասարդության նախարարության հետ»:
Նշենք, որ նախարարի պաշտոնում Հրաչյա Ռոստոմյանը նշանակվում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ այդ պաշտոնում նա նշանակվել էր 2012 թ. հունիսի 16-ին և պաշտոնավարել մինչև 2014 թ. մայիսը: