28/09/2016 09:44
Կարեն Միրզոյան. Արցախի ժողովուրդը չի կարող պատանդ մնալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը
Բելգիա աշխատանքային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրամիություն - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի և մյուս անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարեկամության խմբի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Կողմերը կարևորել են եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացումը:
Այնուհետև Եվրախորհրդարանի շենքում Կարեն Միրզոյանը որպես հիմնական բանախոս հանդես է եկել ելույթով Ֆրանկ Էնգելի կողմից կազմակերպված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղան–քննարկմանը։
Իր ելույթում ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը մասնավորապես նշել է, որ 25 տարի առաջ համաժողովրդական հանրաքվեին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կողմ քվեարկեց անկախությանը, ինչը հանդիսացավ Ադրբեջանի կողմից տասնամյակների խտրականության և ճնշումների դեմ արցախյան ազատագրական պայքարի տրամաբանական շարունակությունը։
«Չնայած Ղարաբաղյան շարժման խաղաղ և օրինական բնույթին, հենց սկզբից Ադրբեջանը մերժեց որեւէ երկխոսություն և դիմեց սպառնալիքների լեզվին և ահաբեկման քաղաքականությանը, որը հետագայում հանգեցրեց լայնածավալ պատերազմի՝ Լեռնային Ղարաբաղի և նրա խաղաղ բնակչության դեմ», - նշել է Կարեն Միրզոյանը։
ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ այսօր էլ Արցախի ժողովուրդը ստիպված է բառացիորեն պաշտպանել երիտասարդ ժողովրդավարությունը՝ Լեռնային Ղարաբաղն անցյալին վերադարձնելու Ադրբեջանի անդադար փորձերի պայմաններում: Կարեն Միրզոյանը նշել է, որ ԼՂՀ-ն բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից նոր պատերազմի բացահայտ նախապատրաստության մասին, սակայն միջազգային հանրությունը անհաղորդ մնաց այդ զգուշացումներին։ Ադրբեջանի անպատժելիությունը հանգեցրեց ս․թ․ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսմանը։
Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը չի կարող պատանդ մնալ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը և շարունակելու է զարգանալ նույնիսկ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում։ Այս կապակցությամբ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԼՂՀ իշխանությունները մեծապես կարևորում են բոլոր մակարդակներում արտաքին քաղաքական կապերի ընդլայնումն ու խորացումը և հանրապետության ինտեգրումը միջազգային գործընթացներին:
Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ միջազգային համագործակցության ընդարձակումը կարևոր ներդրում կհանդիսանա տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ամրապնդման գործում։
«Հավատացած ենք, որ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունը սատարի մեր պայքարին: Ժամանակն է ճանաչել իրականությունը՝ այն է ազատ և ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, և աջակցել նրա հետևողական զարգացմանը», - եզրափակել է Կարեն Միրզոյանը։
Այնուհետև ԼՂՀ արտաքին գործերի նախարարը պատասխանել է ներկաների հարցերին։
Քննարկմանը մասնակցել են ԼՂՀ Ազգային Ժողովի պատվիրակության անդամները, ԵԽ պատգամավորներ և փորձագետներ։