29/09/2016 11:13
Արմեն Ամիրյանը պատմել է, թե որն է եղել իր առաջին քայլը, երբ նշանակվել է մշակույթի նախարար
Հայաստանի մշակույթի նախարար նշանակվելուց հետո Արմեն Ամիրյանը մի փունջ վարդ է գնել և գնացել տուն:
«Դուռը զանգեցի, կինս բացեց, գրկախառնվեցի նրան և ականջին շշնջացի. «Սիրելիս, ես իմ ժամանակի մեծ մասը հատկացնելու եմ ուրիշին»: Երբ որ զգացի թրթիռը իմ գրկում, շտապեցի հավելել, որ «հանգստացիր, ես այդ ժամանակը նվիրելու եմ հայրենի մշակույթին և այն ծառայությանը, որին կոչված եմ», - Aysor.am-ի թղթակցին պատմեց նորանշանակ նախարարը:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանը նշեց, որ աշխատելու է բաց, «չափազանց թափանցիկ»:
Նա նաև նշեց, որ այս պահին որևէ կադրային փոփոխություն չի պատրաստվում ձեռնարկել նախարարությունում:
«Ես ձևակերպում եմ խնդիրները և այդ խնդիրների մեջ եթե կադրերը կտեղավորվեն, ապա կարող եմ աշխատել բոլորի հետ: Եթե չեն տեղավորվի, ինքնաբերաբար այդ մարդիկ կփոխարինվեն այլ աշխատողներով, որովհետև ինձ համար կարևորագույնը հայ մշակույթն է», - ասաց Արմեն Ամիրյանը: