29/09/2016 16:56
Հայաստանում նկարահանումներ իրականացնող արտերկրի պրոդյուսերական կենտրոնները կազատվեն որոշակի հարկատեսակներից
«Կինոյի մասին» օրենքի ընդունումը արտերկրի ներդրողներին և պրոդյուսերական կենտրոններին ու կազմակերպություններին, որոնք նկարահանումներ կանեն Հայաստանում, հնարավորություն կտա ազատել որոշակի հարկատեսակներից: Սա Հայաստանի նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքն է՝ «Կինոյի մասին» օրենքի ընդունման վերաբերյալ:
Նախարարն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ օրենքի ընդունումը ևս իր համար առաջներթ խնդիրներից մեկն է:
Դա, ըստ նրա, կխթանի կինոարտադրությունը Հայաստանում, ինչպես նաև կարող է դառնալ Հայաստանն արտերկրում լավագույնս ներկայացնելու միջոց:
«Համատեղ նախագծեր պետք է նախատեսել ռուսական, չինական և իրանական շուկայի համար: Նախատեսում եմ առաջիկայում համապատասխան պրոդյուսերական կենտրոնների հետ հանդիպումներ, առաջին հերթին ռուսական շուկայի, որովհետև շատ հեշտ է և այնտեղ հիմնականում աշխատում են մեր հայրենակիցները», - ասաց Արմեն Ամիրյանը: