29/09/2016 14:47
Արմեն Ամիրյանը խոստացավ առաջիկայում անդրադառնալ Նոյյան Տապան գրախանութի խնդրին
Հայաստանի մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը գործադիր մարմնի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում նշեց, որ առաջնահերթությունների շարքում գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի վերանայումն է:
«Սկսելով նոր տիպի գրախանութների ստեղծումից, որը կդառնա ընտանեկան հանգստի կենտրոն: Առավել քան համոզված եմ, որ նման գրախանութները կնպաստեն գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլի բիզնես զարգացմանը», - ասաց նախարարը՝ հավելելով նաև, որ այս փորձը պետք է տեղայնացնել ամբողջ հանրապետությունով մեկ, իսկ փորձը կսկսեն Երևանից:
Արմեն Ամիրյանն ասաց, թե իր ասածը վերաբերում է նաև գրքերի թվայնացմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը:
«Ամբողջ աշխարհն արդեն օգտագործում է թվային գրքեր, Հայաստանում, ցավոք, այդ պակասը կա: Գրահրատարակչական ոլորտի ամբողջական ցիկլը ներառելու է նաև դա», - նկատեց Արմեն Ամիրյանը:
Նախարարը խոստացավ նաև առաջիկա 1-2 օրերի ընթացքում անդրադառնալ նաև Նոյյան Տապան գրախանութի փակման և տեղափոխման հարցին:
«Խորհրդակցության եմ հրավիրելու ոլորտի շահագրգիռ ներկայացուցիչներին, որը մեզ հնարավորություն կտա կողմնորոշվելու, ճիշտ ճանապարհով շարժվելու», - հաղորդեց Արմեն Ամիրյանը: