29/09/2016 11:59
Ադրբեջանը միջնորդներին պիտակավորում է անօգուտ զբոսաշրջիկներ. Էդվարդ Նալբանդյան
Այս ապրիլին Ադրբեջանը նախապես ծրագրված լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ հարձակողական սպառազինությունների՝ օդուժի, ծանր հրետանու, համազարկային համակարգերի, տանկերի օգտագործմամբ, սեպտեմբերի 28-ին Սթենֆորդի համալսարանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում իր ելույթի ժամանակ ասաց ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
«Այդ ագրեսիան ուղեկցվեց միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով, ինչպիսիք են՝ քաղաքացիական բնակավայրերի առանց խտրականության գնդակոծումը, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումը, դիակների խոշտանգումը: Բոլոր կողմերից հարյուրավոր զոհերի հանգեցրած նմանօրինակ գործողությունները, բնականաբար, լրջորեն խաթարել են բանակցային գործընթացը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Իր ելույթում ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է ԼՂ հակամարտության էությունն ու ընդգծել` Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը:
«Բաքուն, բանակցային գործընթացում լրջորեն ներգրավվելու փոխարեն, ջանքերը կենտրոնացրել է իր ռազմական կարողությունների հզորացման վրա` պատրանք ունենալով, զենքի սպառնալիքի հիման վրա բանակցություններ վարել: Սա զենքի սպառնալիքի ներքո տարվող բանակցությունների հստակ օրինակ է: 2015 թ.-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմել է 4.8 միլիարդ դոլար` 30 անգամ ավելի, քան 2003թ.-ին, երբ Իլհամ Ալիևը երկրի ղեկավարի պաշտոնում փոխարինեց իր հորը:
Մենք զգուշացրել էինք. եթե զենքն առկա է, ապա այն այնպայման կրակելու է: Եվ այդ զենքը բազմիցս է կրակել, ամենավերջին օրինակը, ինչպես նշեցի, այս տարվա ապրիլին էր», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Նա վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը` հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերով խաղաղ կարգավորելու մասին:
«Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, քանի որ բանակցող կողմերից մեկը, մասնավորապես՝ Ադրբեջանը, պատրաստ չէ ընդառաջ գնալ այս առաջարկին և հնարավոր բոլոր միջոցներով փորձում է տապալել խաղաղ կարգավորման գործընթացը»,- ասաց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատարը:
Էդվարդ Նալբանդյանը ներակայցրել է ատելության այն ալիքը, որը կա հայերի հանդեպ Ադրբեջանում, խոսել մշակութային ժառանգության վերացման մասին:
«Եթե առկա է հակամարտության կարգավորման ապացուցված որևէ բաղադրատոմս, ապա դրա առանցքը պետք է լինի հասարակությանը խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելը», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Անդրադառնալով բանակցային գործընթացում վերջին զարգացումներին` նա նշեց, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը առաջնահերթություն է:
«Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը համաձայնություն են տվել դրանց, սակայն Ադրբեջանը մերժել է: Բաքուն միջնորդներին, ներառյալ՝ Միացյալ Նահանգներին, մեղադրում է իսլամաֆոբիայի և Ադրբեջանի դեմ դավադրության մեջ։ Ադրբեջանական կողմը միջնորդներին պիտակավորում է անօգուտ զբոսաշրջիկներ:
240 տարի առաջ Անկախության հռչակագրով հիմնադրելով անկախ Միացյալ Նահանգներ՝ այս հզոր երկրի հիմնադիր հայրերն ապացուցել են, որ ոչինչ չի կարող ժողովուրդներին զրկել անկախության իրավունքից: Դա այն է, ինչին ձգտում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը. ժողովրդավարական ուղիով իրենց կյանքը տնօրինելու ազատություն՝ հիմնված ինքնորոշման սկզբունքի վրա», - ասաց Էդվարդ Նալբանդյանը: