29/09/2016 09:39
Վերջապես կունենանք թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես, թե՛ գաղափարապես արժանավայել ու ներկայանալի մարդ. արվեստագետներն՝ Արմեն Ամիրյանի մասին
2016 թվականի սեպտեմբերի 27-ը հայկական մշակութային կյանքում գուցե շրջադարձային դառնա: Շատերի սպասումներն արդարացվեցին մի կողմից՝ Հասմիկ Պողոսյանի՝ Մշակույթի նախարարի պաշտոնից հեռանալով, մյուս կողմից՝ Արմեն Ամիրյանի՝ այդ նույն պաշտոնը ստանձնելով:
Ի՞նչ կտա անձնային փոփոխությունը մշակութային կյանքին, արդյոք այստեղ տեղ գտած թերությունները պայմանավորված են լոկ մարդկային գործոնով:
Թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է ՀՀ մշակույթի գործիչների հետ:
ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը նշեց՝ հարցին միանշանակ պատասխան տալ չի կարելի:
«Մենք մեծ առնչություններ չենք ունենում մշակույթի նախարարության հետ, այդ պատճառով կանխորոշումներ անել չեմ կարող, ապագան ցույց կտա՝ ի՞նչ տարբերություն կա նոր ու հին նախարարների միջև, սա ճի՞շտ, թե՞ սխալ նշանակում էր: Սպասենք բարեփոխումներին», - նշեց դերասանը:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանն էլ դրական է գնահատում այս փոփոխությունը:
«Կարծում եմ՝ սա շատ ճիշտ ընտրություն էր: Անկեղծ ասած՝ մեր երկիրն այն վիճակում է, որ նախարարից մշակույթը շատ քիչ է կախված, բայց, ամեն դեպքում, շատ ուրախ եմ Արմեն Ամիրյանի նշանակման համար և շնորհավորում եմ նրան: Նա շատ վճռական է և մշակութային: Տա Աստված, երկու հատկանիշներն էլ գործեն: Սպասելիքներիս մասին ոչինչ չեմ ասի, ամենակարևոր սպասելիքս խաղաղությունն է», - ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստը:
ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, դերասան Արտաշես Ալեքսանյանի համար այս փոփոխությունը ողջունելի է ոչ միայն բովանդակությամբ, այլ նաև էսթետիկորեն:
«Շատ ուրախ եմ, որ Արմեն Ամիրյանն է նշանակվել մշակույթի նախարար, վերջապես կունենանք թե՛ արտաքնապես, թե՛ հոգեպես, թե՛ գաղափարապես արժանավայել ու ներկայանալի մարդ, ով կներկայացնի հայ մշակույթն իր ամբողջ գեղեցկությամբ: Չէ՞ որ Ամիրյանն էլ իր գեղեցկությամբ է հրապուրում, կարելի է ասել, ամբողջ աշխարհին: Սպասելիքներս մեծ են, քանի որ երկար տարիներ նա աշխատել է Հանրային ռադիոյում: Մարդ, ով իրականում գիտի՝ ինչ բան է հայ մշակույթը», - նշեց մեր զրուցակիցը:
ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանի բնորոշմամբ Արմեն Ամիրյանը բանիմաց ու նուրբ անձնավորություն է:
«Արմեն Ամիրյանին վաղուց գիտեմ ու բավական դրական եմ վերաբերում իր նշանակմանը: Կարևորը, որ շատ հարցերում սկզբունքայնություն ցուցաբերի, քանի որ բոլորոս էլ գիտենք, այսօր ոչ մի պաշտոնյա չի կարողանում ինքնուրույն ինչ-որ հարցեր լուծել, վերևներից բազում ճնշումներ են լինում… Եթե իրեն հաջողվի այդ ամենից զերծ մնալ, ինձ թվում է, իր բարոյական նկարագրով կարող է մշակույթի շատ լավ նախարար դառնալ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Միքայել Պողոսյանը: