30/09/2016 13:13
Ղարաբաղի հարցով բանակցությունները փակուղում չեն, այլ գտնվում են սպասողական վիճակում. Արտակ Զաքարյան
ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները փակուղում չեն, դրանք հայկական կողմի պարագայում գտնվում են հիմնավորված կերպով սպասողական վիճակում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյան:
«Բանակցությունները փակուղում չեն: Բանակցությունները մեր պարագայում գտնվում են հիմնավորված կերպով սպասողական վիճակում: Մենք և Վիենայում, և Սանկտ-Պետերբուրգում ամբողջովին հիմնավորել ենք, թե ինչու ենք անհրաժեշտ համարում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական ռեսուրսների ավելացումը, թե ինչու ենք կարևորում ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, և թե որքանով է այս պահի համար արդարացված հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ներդրումը: Սա հայկական կողմի կապրիզը չէ, սա նաև Մինսկի խմբի համանախագահների մոտեցումն է», - ասաց Ա.Զաքարյանը:
Հարցին, թե երբ է նախատեսվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, Ա.Զաքարյանը պատասխանեց, որ պետք է համաձայնեցել օրակարգը:
«Նախագահների հանդիպումը, կարծում եմ, տեղի կունենա, երբ հնարավոր կլինի համաձայնեցնել օրակարգերը: Այս պահի դրությամբ չկա տեսանելի օր կամ հնարավորություն, բայց, բնականաբար, բանակցություններ նշանակում է հանդիպումներ», - ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը: