30/09/2016 10:17
Մոռանալ Իսկանդերին. Հերոստրատի պարադոքս Ադրբեջանում
Վերջին տասն օրվա ընթացքում Ադրբեջանում չեն դադարում բուռն քննարկումներն ու արձագանքները Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի օրը անցկացրած ռազմական շքերթի առթիվ: Մասնավորաբար մեր հարևանների շուրթերից ոչ մի կերպ չի իջնում ռուսական արտադրության բալիստիկ հրթիռների անունը: «Իսկանդեր»-ի չարչրկվող թեման նույնիսկ հավակնում է ավելի թոփային դառնալ Բաքվի լրատվամիջոցներում ու խոհանոցային ասեկոսեներում, քան այնպիսի «դարակազմիկ» իրողությունը, ինչպիսին էր ալիևյան ընտանիքի հարատև իշխանությունն ամրապնդող օրերս անցկացրած հանրաքվեն:
Հայկական բանակի զինանոցում նման բացառիկ հրթիռների հայտնվելն իսկական իրարանցում է առաջացրել հարևան երկրում, որը կարելի է բնութագրել որպես՝ Հերոստրատի սինդրոմ կամ Հերոստրատի պարադոքս:
Պարզաբանելու համար այս բառակապակցությունը անդրադարձ կատարենք պատմությանը: Մ.թ.ա. 356 թ. ամռանը փոքր Ասիայի հունական Էֆեսոս քաղաքում այրվում է Արտեմիս աստվածուհու տաճարը: Էֆեսոսի իշխանությունները շատ արագ պարզում են, որ հրդեհը պատահականություն չեր, այլ մարդու ձեռքի գործ: Կասկածն ընկնում է Հերոստրատ անունով ոմն ճիվաղի վրա, ով Էֆեսոսի բնակիչ էր: Դաժան կտտանքների ենթարկվելով՝ վերջինս խոոստովանում է իր հանցանքը և ասում, որ այրել է տաճարը պատմության մեջ հավերժանալու համար: Մտավախություն ունենալով, որ այս իրողությունը կարող է նախադեպ դառնալ բազմաթիվ արկածախնդիրների ու խելագարների համար, Էֆեսոսի իշխանությունները հատուկ օրենք են ընդունում, որով հրահանգվում է մոռանալ Հերոստրատին: Այդպես՝ քաղաքի հրապարակներում, շուկաներում և բանուկ հատվածներում օրնիբուն շրջում էին մունետիկներն ու ի լուր քաղաքացիների հայտարարում, որ հրաման է տրված՝ հավերժ մոռանալ Հերոստրատին: Միամիտ իշխանավորներն, այդպիսով, հաշվի չառան, որ ճիվաղի հիշատակումը հատուկ օրենքում և նրա անվան նման չարչրկումը առավել հրապարակային դարձրեց նրա արարքը: Հետագայում այս իրողությունը պիտի գրի առնեին նաև պատմիչները, որոնց շնորհիվ էլ Հերոստրատի անունը հավերժացավ պատմության մեջ: Հերոստրատն իր ուզածին հասավ, և այդ բանին նպաստեց ոչ այնքան նրա արարքը, որքան Էֆեսոսի իշխանությունների ապաշնորհ վճիռը:
Եթե զուգահեռենք պատմական այս իրադարձությունը «Իսկանդերի»-ի հետ կապված Ադրբեջանում տիրող տրամադրությունների հետ, ապա, անկասկած, կնկատենք նույն պարադոքսը: Սկզբում իշխանություններն ու մերձիշխանակական լրատվամիջոցները փորձ արեցին չնկատելու հայկական բանակի ձեռքբերումը:
Սակայն հասկանալով, որ ակնհայտ աչքակապությունն ամենևին հաջող մարտավարություն չէ, զգուշավոր արտահայտություններով փորձեցին հանգստացնել հանրությանը, թե, իբր, հրթիռների ձեռքբերման մասին գիտեին վաղուց և պատերազմի դեպքում դրանց հակադրելու զինանոց և հստակ ծրագրեր ունեն մշակած: Սրան հետևեց «Իսկանդեր» հրթիռների տակտիկա-տեխնիկական բնութագրերի նվազեցման փորձը, թե, իբր, այդ զինատեսակի հնարավորությունները իրականում խիստ գերագնահատված են: Ապա հերթին էին պնդումներն այռ այն, որ Երևանում ցուցադրված «Իսկանդերները» ամենևին էլ հայկական չեն, այլ շքերթի համար փոխառած ռուսական 102-րդ բազայից: Բնական է, որ վերջին վարկածին պիտի հետևեր արդեն ակնհայտ տխամարության հետ սահմանակցող տեսակետ, թե Երևանի հրապարակով անցան ոչ թե բոլիստիկ հրթիռների կրակային կայանքներ, այլ փայտից սարքած մակետներ: Ապա վերջապես բարձր մակարդակով սկսեցին հնչել ամպագորգոռ սպառնալիքներ, թե պետք է պատասխանատվության կանչել ռուսական կողմին և առհասարակ վերանայել հարաբերությունները Մոսկվայի հետ (ենթադրվում է՝ փայտե մակետների գծագրերը հայկական կողմին տրամադրելու համար):
Ինչևէ, եթե սկզբում պաշտոնական Բաքուն թույլ փորձ արեց ուղղելու մեդիա-արձագանքը իր համար ձեռնտու չափավորված հունով, չգրգռելու համար հանրության վախը, ապա այնուհանդերձ քիչ անց հանրության ռեակցիան դարձավ անկառավարելի:
Լրատվամիջոցներն էլ կորցնելով վերևից տրված ուղեցույցը՝ իրենք տարրալուծվեցին համընդհանուր հիստերիայի մեջ: Սրան գումարած «Իսկանդերների» առաջացրած խուճապը համեմվեց մեկ-երկու օրում արտահերթ պլանավորած ադրբեջանական բանակի հրթիռա-հրետանային զորքերի զորավարժություններով և անօդաչու թռչող սարքերի գործարան նախագահ Ալիևի կատարած այցելության լայն լուսաբանումով:
Ադրբեջանն այսպիսով ամբողջովին ախտահարվել է Հերոստրատի սինդրոմով, երբ ամենաբարձր մակարդակով հավաստիացումներ են հնչում, թե իբր «Իսկանդերները» շոշափելի վնաս չեն կարող հասցնել երկրին, բայց զուգահեռ հայտարարվում է նաև, որ Բաքուն համազոր զինատեսակի փնտրտուքներով է զբաղված երրորդ երկրներում; երբ քամահրանքով խոսվում է փայտե մակետների մասին, բայց անմիջապես տարբերակներ քննարկվում դրանցից արդյունավետ պաշտպանվելու համար և սպառնալիքներ հնչեցվում Ռուսաստանի հասցեին; երբ համոզմունք է հայտնվում, թե Հայաստանը երբեք չի համարձակվի կամ չի կարող հրթիռային համազարկ արձակել, բայց մյուս կողմից խուճապ սերմանվում Մինգեչաուրի ջրամբարտակի ու նավթա-գազային հանքերի ճակատագրերի վերաբերյալ:
Եթե Ադրբեջանի պաշտպանության նախարար Գասանովից ու բազմաթիվ ռազմական փորձագետներից սկսած մինչև վերջին տնային տնտեսուհին շտաբերի և խոհանոցների պատերին փակցրած Ադրբեջանի քարտեզի վրա օրնիբուն չափչփում են չարչրկված 280 կիլոմետրը, ապա նշանակում է, որ մոռանալ «Իսկանդեր»-ին դեռևս ոչ մի կերպ չի ստացվում: Ավելին, այս շիլաշփոթում որքան շատ են փորձում մոռանալ, այդքան շատ է հիշեցնում իր մասին այդ հրթիռը: Ուրեմն ստացվում է, որ այն արձակված չլինելով՝ արդեն իր գործն արել է՝ խուճապ հրդեհել հարևան հանրապետությունում: