30/09/2016 17:09
Վաչե Ամարյանը, Տաթևիկ Ադումյանը, Ռուբեն Մուրադյանը, Էթերի Ոսկանյանը և այլք նոր՝ «Մեղրամիս» սերիալում. մանրամասնում է սցենարիստը
Հոկտեմբերի 2-ից «US Armenia» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի նոր՝ «Մեղրամիս» հայկական բազմասերիանոց ֆիլմը, որը հետագայում հասանելի կլինի նաև հայաստանյան հեռուստադիտողին: Սցենարի հեղինակը Անուշիկ Պետրոսյանն է, ռեժիսորը՝ Վարշամ Սաֆրազյանը: Գլխավոր դերերում հանդես են գալիս երգիչ Վաչե Ամարյանը, դերասանուհի Տաթևիկ Ադումյանը, Էթերի Ոսկանյանը և օրեր առաջ ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում բալետի առաջատար արտիստ, Սպարտակի դերակատար Ռուբեն Մուրադյանը:
«Այս սերիալը տարբերվում է ոճային առումով, ունի երկու գլխավոր հերոս ու հերոսուհիներ, երկուսն էլ դրական: Հրաշալի դերասանական կազմ է ընտրված», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց սցենարի հեղինակը:
Վաչե Ամարյանը հանդես է գալիս Արսենի, Ռուբեն Մուրադյանը՝ Արմանի, Հայկ Դուրգարյանը՝ Հայկի կերպարում: Տաթևիկ Ադումյանի հերոսուհին Դինան է, Էթերի Ոսկանյանինը՝ Սառան: Նկարահանվել են նաև Անի Քոչարյանը, Արմեն Մարությանը, Հայկ Դուրգարյանը և այլք:
«Արսենն ու Արմանը եղբայրներ են, նրանց հայրը Ադամն է (Արմեն Մարության), մայրը՝ Էլիզան (Անի Քոչարյան): Արմանը Միացյալ Նահանգներից Հայաստան է գալիս՝ մասնակցելու եղբոր հարսանիքին: Ու հասկանում է՝ որ ո՛չ Արսենը, ո՛չ Դինան միմյանց չեն սիրում: Ավելին՝ Դինան անընդհատ հաղորդագրություններ է ստանում ինչ-որ մեկից: Աղջկան ռեստորանի մուտքի մոտ սպասում է իր սիրած տղան՝ Հայկը՝ պատրաստ նրան փախցնելու: Դինայի ծնողների դերերում հանդես են գալիս Ալինա Ավետիսյանը և Էդուարդ Շահնազարյանը… Ինչ վերաբերում է մյուս հերոսներին, ապա Սառան, ով մանկատան սան է, մեծացել է այնտեղ ու շարունակում է այնտեղ էլ աշխատել որպես դաստիարակ՝ հանդիպում է Արմանին իր կյանքի ամենադաժան օրը, երբ մեծ հիասթափություն է ապրել: Արմանը, ազդված եղբոր հիմար քայլից, դուրս է գալիս հարսանիքից, Սառան էլ ընկնում է Արմանի մեքենայի տակ, ու նրանց հանդիպումը դառնում է ճակատագրական: Արմանի սերը Սառայի համար և՛ օրհնանք է, և՛ անեծք»б -մանրամասնեց Ա. Պետրոսյանը:
Հարցին՝ ռիսկային չէ՞ր գլխավոր դերը վստահել երգչի, և ինչո՞ւ հենց նա ընտրվեց՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Այս դերի համար Վաչեի կերպարը շատ համապատասխան էր հենց իր տեսահոլովակի տղայի կերտած կերպարով: Ու երբ առաջարկվեց նրան հանդես գալ դերասանի կարգավիճակում, սիրով համաձայնեց: Ասեմ, որ շատ պատասխանատու կերպով է վերաբերվում իր գործին: Պարտադիր մանրակրկտորեն ծանոթանում է սցենարին, կարդում ոչ միայն իր տեսարանները, այլ նաև ամբողջական սցենարը: Նույնկերպ տաղանդավոր երգիչ-դերասան Հայկ Դուրգարյանն է: Նոր անուն է, ու դեռ շատ կզարմացնի հանդիսատեսին, վստահ եմ»:
Սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում: Սցենարիստի խոսքերով՝ Վաչե Ամարյանը շաբաթը երեք անգամ Մոսկվայից գալիս էր Հայաստան, նկարահանվում ու վերադառնում: Շուտով դուրս կգա նաև Վ. Ամարյանի նոր երգը, որը դառնալու է նաև ֆիլմի սանուդթրեյքը: