01/10/2016 16:20
Արտավազդ Ամիրյան. Ինձ համար նա մի ուրիշ աշխարհ է, իմ երջանկությունն ու իմ կյանքն է. Լուսանկարներ
Վերջին շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող Արտավազդ և Մարիամ Ամիրյանների դուստրը՝ փոքրիկ Օվսաննան, օրերս բոլորեց իր 1-ամյակը: Ծնողները փոքրիկի տոնը նշել են տանը՝ հարազատների միջավայրում:
«Ի ուրախություն և՛ մեզ, և՛ Օսիի, մեր կողքին էին նաև Օսիի տատիկն ու պապիկը ինչպես նաև՝ հորեղբայրը (Արմեն Ամիրյանի որդին), ով մեկտեղ դստրիկիս մկրտության կնքահայրն է: Ներկա էր նաև քույրս՝ Սեդան (Արմեն Ամիրյանի դուստրը), իր ամուսնու հետ, ընկերներ ու հարազատներ»,-Aysor.am-ի հետ զրույցում ժպիտով պատմեց Արտավազդ Ամիրյանը:
Ի դեպ, ծննդյան օրը տեղի է ունեցել նաև հոբելյարի ատամհատիկը, որի ընթացքում 1-ամյա աղջնակը «որոշել» է՝ իրավաբան է դառնալու:
Հայրիկի խոսքով՝ փոքրիկ Օվսաննան Հայաստանում գտնվող հարազատներից միշտ է անակնկալներ ստանում, շնորհավորանքների հարցում էլ ոչ-ոք պասիվ չէ:
«Քանի որ նրանք շատ-շատ են, չեմ ցանկանա այս պահին առանձնացնել որևէ մեկի շնորհավորանքն ու բարեմաղթանքը: Բոլորինն էլ շատ կարևոր են նրա ու մեզ համար»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե 1-ամյա փոքրիկը շատ բան է փոխել Արտավազդ և Մարիամ Ամիրյանների կյանքում, խոստովանեց.
«Աննկարագրելի փոփոխություններ է մտցրել Օվսաննան մեր կյանք։ Իրենով մենք ապրում ենք, իրենով արթնանում ու քնում, իր հետ կապում մեր վաղվա օրվա անելիքները։ Անհնար է փոփոխություն չմտցնի փոքրիկն՝ իր ժպիտով, իր ամենօրյա նոր քայլերով, խոսքով, բառերով ու զգացմունքներով: Ինձ համար նա մի ուրիշ աշխարհ է, իմ երջանկությունն ու իմ կյանքն է՝ բառիս ուղիղ իմաստով»:
1-ամյա Օսիի խնամքով հիմնականում մայրիկն է զբաղվում, Արտավազդն էլ փորձում է ազատ ժամանակ օգտակար լինել:
«Քանի որ մանկապարտեզ հաճախելու համար դեռ շուտ է, իրենով միայն մենք ենք զբաղվում, ու դա հրաշալի է»,- ասաց նա:
Ծնողի համար երեխային նվերներ տուլու հստակ ժամկետներ չկան, հատկապես այս տարիքում՝ խաղալիքները փոքրիկների ամենօրյա հասանելիքներն են:
«Իսկապես, նվերների ու անակնկալների պակաս մեր կողմից Օսին չի զգում: Մեզ համար առիթներ պետք չեն՝ նրան անակնկալներ մատուցելու համար: Այնպես որ, այդ հարցով հաստատ նա չի բողոքի»,-ժպիտով նշեց նա:
Նկատառմանը, թե հնարավո՞ր է արդյոք առ Հայաստան կարոտը նրանց օրերից մի օր ետ վերադարձնի, հաղորդավարը պատասխանեց.
«Անհնար է Հայաստանը չկարոտել։ Մենք ամեն օր ենք ապրում Հայաստանով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, և ես երբեք չեմ դադարի կրկնել, որ Երևանիս նման քաղաք աշխարհում չկա։ Ես կարոտում եմ իմ Երևանի ամեն մի անկյունը, ամեն մի բակը, ցայտաղբյուրը, պուրակը, հրապարակները... Մի խոսքով՝ Երևանը քաղաք է, որը Սեր է ինքն իրենով, իր ամեն մի անկյունով ու իր պատմությամբ: Մեր հայրենիքը Հայաստանն է, իսկ տունը՝ Երևանը: Այնպես որ՝ հայրենիքի կանչով մեր գործը շարունակելու ենք մեր երկրում, մեր Հայաստանում»:
Բնականաբար, երեխային ուղղված ծնողի մաղթանքներն ամենաանկեղծն են:
«Իմ մաղթանքները շա՜տ- շա՜տ են։ Ուզում եմ, որ նա առողջ բալիկ մեծանա, ուրախ ու անհոգ մանկություն ունենա, իր լուսավոր տեսակը պահպանի, լինի hայեցի ու ուր էլ որ լինի՝ հայ մնա: Վստահ եմ՝ ադպես էլ լինելու է, քանի որ մենք նրան ադպես ենք մեծացնում, այդ ոգով ու այդ մտածողությամբ»,-զրույցը եզրափակեց Արտավազդ Ամիրյանը:
Aysor.am-ը ևս շնորհավորում է 1-ամյա Օսիին՝ մաղթելով երջանիկ ու անհոգ, հեքիաթային մանկություն, ամուր առողջություն: