03/10/2016 16:30
Լուսինե Զաքարյանի՝ Ախալցխայում գտնվող տունը վաճառքի է հանվել. ի՞նչ է մտածում Մշակույթի նախարարությունը
Աշխարհում տուն-թանգարանները մշակութային կյանքում կարևոր դեր են խաղում: Սրանք այն վայրերն են, որտեղ ծնվել, ապրել ու արարել են արվեստի, կրոնի, բժշկության և այլ բնագավառների կարկառուն ներկայացուցիչներ: Եվ իզուր չէ, որ նրանց թողած անշարժ ժառագությանը տեր են կանգնում պետությունները:
Կյանքի թելադրանքով հայ մտավորականներից շատերը ծնվել ու ստեղծագործել են ներկայիս Հայաստանից դուրս, ու հենց այդ պատճառով է, որ ամենուր սփռված են հայկական մշակութային օջախներ. ոմանք՝ գործող, ոմանք՝ անտեսված ու լքված:
Օտար պետությունների պետական ներկայացուցիչները, մեղմ ասած, այնքան էլ հակված չեն այդ տները պահպանելու, առավել ևս՝ սեփական միջոցներով գործարկելու մտքին:
Ինչևէ, որպես օրինակ, հիշեցնենք Կարսում թուրքական պետության կողմից տարիներ առաջ վաճառքի հանված Չարենցի տունը, Ֆրեզնոյում՝ Վիլյամ Սարոյանի տունը… Վերջինիս դեպքում, բարեբախտաբար, հարցը դրական լուծում ստացավ: Այս տարվա փետրվար ամսին Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը գնեց այն և պատրաստվում է վերածել Վիլյամ Սարոյանի անվան տուն-թանգարանի: Սակայն, սա առաջնահերթ ոչ թե անհատ ձեռներեցների, այլ պետական մշակութային ատյանների խնդիրն է:
Օրերս հերթական ահանզանգը եղավ. Akhaltskha.net կայքի մեր գործընկերները Aysor.am-ին հայտնեցին, որ հայ օպերային երգչուհի, հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Լուսինե Զաքարյանի՝ Ախալցխայում գտնվող հայրական տունը վաճառքի է հանվել: Հենց այս երգչուհու հոգեթով ձայնի շնորհիվ էր, որ նրա ձայնագրությունները հայտնվեցին համաշխարհային երաժշտության ձայնադարանում։ Նա հայկական հոգևոր երաժշտությունը բեմ բարձրացնելու համարձակություն ունեցավ այն շրջանում, երբ երկրում արգելվում էին բազմաթիվ երաժշտական ոճեր, այդ թվում՝ և հոգևոր:
Այդ տանը երգչուհին ապրել է մինչև 15 տարեկան դառնալը, այնուհետև՝ ծնողների հետ տեղափոխվել Հայաստան: Մանկության և պատանեկության օրրանն այժմ ոչ միայն անբարեկարգ վիճակում է, այլև վաճառվում է ներկայիս բնակիչների կողմից: Ամբողջական տունը բաժանելով երկու հատվածի՝ երկու տերերն էլ այն աճուրդի են հանել, մեկը 20, մյուսը՝ 25 հազար դոլար արժողությամբ:
Տեղեկացվա՞ծ է այս մասին Հայաստանի Մշակույթի նախարարությունը, ինչո՞ւ ոչ՝ Սփյուռքի նախարարությունը, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը. համատեղ ուժերով հնարավոր չէ՞ գնել 45 հազար դոլար արժողությամբ պատմական այդ տունը, որը գալիք սերնդին կփոխանցի Զաքարյանական ոգին ու պատմությունը:
Հավատանք, որ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը առավել բարձր կգնահատի նման արժեքներն ու հետևողական կլինի նաև մեր երկրից դուրս գտնվող, սակայն հային առընչվող մշակութային խնդիրներին: Դա պատմություն է, հայի պատմություն ու կենսագրություն:
Aysor.am-ը ևս շարունակելու է հետևողական լինել և տեղեկացնել՝ ինչ լուծում ստացավ վերոնշյալ հարցը: