04/10/2016 14:41
Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված «100 դուռ» նախագիծ-ցուցահանդեսն Արցախում է (Տեսանյութ)
2015 թվականին մեկնարկած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, կարծես թե, խորհրդանշորեն եզրափակվեց ռեժիսոր Խաչիկ Եղոյանի «100 դուռ» խորագիրը կրող նախագիծ-ցուցահանդեսով, որի ընթացքում ներկայացվեցին Արևմտյան և Արևելյան Հայաստանների, Ացախի ու Ջավախքի 100 հայկական եկեղեցիների դռներ:
Սակայն 2015 թվականի վերջին օրերին Նկարիչների միությունում մեկնարկած ցուցահանդեսը երկար ճանապարհ ուներ անցնելու: Նախագծի ստեղծագործական խումբը 2016 թվականը հայտարարեց շրջագայությունների տարի՝ նպատակդրվելով լինել ոչ միայն Հայաստանի մարզերում, այլև՝ Արցախում և Ջավախքում: Անցած 9 ամիսների ընթացքում «100 դուռ»-ը սեփական միջոցներով եղավ Գյումրիում, Գավառում, Մարտունիում, Սևանում և Իջևանում, հոկտեմբերի 6-ին էլ նրանց Արցախն է սպասում:
«Ժամը 16:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում նախագծի արցախյան բացումը կանենք ու ցուցահանդեսն այնտեղ կմնա 10 օր»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Խ. Եղոյանը:
Թեև պահանջարկը մեծ է, սակայն ռեժիսորն այն ցուցահանդես-վաճառքի երբևէ չի վերածի:
«Այս նկարները չեն վաճառվելու, քանի որ մտահղացումս ի սկզբանե բարի է եղել, ոչ կոմերցիոն, վստահ եմ՝ նաև ազգանվեր: Այն իր հաղթական ուղին անշահախնդիր է անցնում ու դա է կարևորը: Գուցե, երբ այս նախագծի նպատակային ուղին լիարժեք վերջնագծին հասնի, լուսանկարների հետ կապված նոր գաղափարներ մշակենք, չգիտեմ: Միգուցե շապիկների, գրքերի, բացիկների տեսքով հասանելի դարձնենք մարդկանց, ովքեր ցանկանում, նույնիսկ պահանջում են ունենալ այս նկարներից: Բայց այդ գաղափարներն ամենևին կապ չեն ունենա Հայոց մեծ եղեռնի հիշատակի հետ: Թեև, սրանք հետագայի հետ կապված մտքեր են, հիմա կարևոր նպատակը այս ուխտն իր ավարտին հասցնելն է»,-ընդգծեց ռեժիսորը:
Խաչիկ Եղոյանի մեծագույն նպատակներից է «100 դուռ» նախագիծ-ցուցահանդեսն իր վերջնակետին հասցնել Թուրքիայի սրտում՝ Ստամբուլում:
Ինչ վերաբերում է սփյուռքի համար նախատեսվող ցուցահանդեսին, մեր զրուցակիցը նշեց.
«Մենք սիրով կսպասենք ու կընդունենք սփյուռքից եկող բոլոր հրավերները»: