04/10/2016 13:15
Մարդասիրական օգնությամբ երկրորդ ինքնաթիռը Երևանից Սիրիա կմեկնի այսօր կամ վաղը. Սերժ Սրապիոնյան
ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ Հալեպում գտնվող սիրիահայերի օգնությունը կազմակերպելու համար, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը:
«Վիճակը այսօր շատ ավելի ծանր է, և կառավարությունը, մասնավորապես վերջին մի քանի օրերին, անում է հնարավոր ամեն ինչ օգնությունը կազմակերպելու համար», - ասաց փոխնախարարը:
Նա նաև տեղեկացրեց, որ նախագահի կարգադրությամբ այս գիշեր Հալեպ մեկնած ինքաթիռին հաջորդելու է ևս մեկը այսօր կամ վաղը:
«Երեկ առաջին օգնության ինքնաթիռը մեկնեց: Եվ ռուսների օգնությամբ 20 տոննա սննդամթերք տեղափոխվեց Լաթաքիա, այնտեղից ռուսական զորքի հսկողությամբ կտեղափոխվի Հալեպ: Այսօր կամ վաղը կմեկնի երկրորդ ինքաթիռը նույն բեռով», - նշեց Ս.Սրապիոնյանը:
Լրագրողի հարցին, թե ինչու չի կազմակերպվում սիրիահայերի տեղափոխումը Հայաստան, փոխնախարարն ասաց, որ դա հեշտ չէ, քանի որ նրանք Սիրիայի նկատմամբ ունեն բազմաթիվ պարտավորություններ:
«Սիրիայի հանրապետության քաղաքացի հանդիսացող հայերը ունեն բազմաթիվ պարտավորություններ այդ պետության հանդեպ, նրանք ունեն զինապարտության նկատմամբ պարտականություններ և բանկային ինչ-ինչ խնդիրներ», - ասաց Ս.Սրապիոնյանը
Նա նաև ավելացրեց, որ Հալեպ մեկնած Սփյուռքի նախարարության վարչության պետը և Հալեպում ՀՀ հյուպատոսը ստացել են հանձնարարական փաստաթղթային խնդիրները շատ արագ կարգավորելու դեպքում ցանկացողներին բերել Հայաստան: