05/10/2016 19:19
Բժշկական սխալը կարող էր Գոռ Սուջյանին կյանք արժենալ. Բացահայտում է երգչի կինը
Մասնագիտական հմտության բացակայությունը արտահայտվում է՝ աշխատանքի ու մասնագիտական առաքելության մեջ թերանալով: Ու թեև կան ոլորտներ, որոնցում այս թերացումը ճակատագրական դեր չի խաղում, սակայն Հիպոկրատին երդում տվածների դեպքում ցանկացած սխալ կարող է կյանք արժենալ:
Օրերս Պռոշյան փողոցում գտնվող Արամյանց բժշկական կենտրոնում ռոք երգիչ, երաժիշտ, «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը հայտնվել էր կյանքի ու մահվան շեմին: Պատճառը բոլորովին էլ հիվանդությունը չէր, այլ՝ բժշկական հերթական սխալը:
«Այդ հիվանդանոցի ոմն թերապևտ Կարինե Սմբատովնան որոշեց, որ ինքը կարող է բուժել անգինա: Նրա սխալը կայանում էր նախևառաջ նրանում, որ իմանալով՝ Գոռն ալերգիկ է, անտիբիոտիկ ներարկեց, որի ժամկետը, հնարավոր է, և անցած լիներ, չգիտեմ: Ամուսնուս մոտ անմիջապես անաֆիլակտիկ շոկ սկսվեց: Բայց մենք նրան բազմիցս զգուշացրել էինք Գոռի ալերգիկ լինելու վերաբերյալ»,-Aysor.am-ի հետ զրույցում վրդովված տեղեկացրեց երգչի կինը՝ Վարսա Մինասյանը:
Գ. Սուջյանի կյանքը փրկել են նույն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի բժիշկները, հակառակ դեպքում, մեր զրուցակիցը վստահ էր՝ ողբերգությունն անխուսափելի էր:
«Նա չէր թողնում, որ Գոռին տեղափոխենք այլ բաժին՝ ասելով, որ իմ մեղքն է, թողեք ես ուղղեմ: Բայց այդ պալատում դա անհնար էր… Մենք մի կերպ կարողացանք նրան վերակենդանացման բաժին տանել ու շնորհակալ եմ այդ բաժնի բժիշկներին՝ կյանքը փրկելու համար: Այժմ ամուսինս իրեն լավ է զգում»,-մանրանասնեց մեր զրուցակիցը:
Գոռ Սուջյանը խնդրի վերաբերյալ չի պատրաստվում բողոք ներկայացնել: Բայց պետք չէ մոռանալ, որ թեև վատթարագույնն անցյալում է և ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, սակայն չպատժված բժշկի հիվանդասենյակում դեռ շատ այցելուններ կարող են հայտնվել ու բոլորովին էլ երաշխիք չկա, որ ամեն ինչ կարող է հօգուտ հիվանդի ավարտվել:
Վ. Մինասյանին առավել բարկացնում ու զարմացնում է այն փաստը, որ բժիշկ-թերապևտը չի ընդունում սեփական սխալը:
«Այդ բժիշկն այնքան ինքնահավան է, որ նույնիսկ իր մեղքը չհասկացավ ու չընդունեց: Ցավոք, մենք այլ քայլեր չենք ձեռնարկելու, քանի որ դա կախված է ոչ թե ինձանից, այլ՝ Գոռից: Նա նույնիսկ դեմ էր, որ ես այս ամենի մասին բարձրաձայնեմ, սակայն ես չէի կարող լռել: Գուցե այսպե՞ս խոսքս տեղ հասնի: Անգամ հիվանդանոցի տնօրինությանը չենք բողոքել»,-մեզ հետ զրույցում խոստովանեց Վարսան: