05/10/2016 17:09
Արմեն Ամիրյանն Ախալցխայում գտնվող Լուսինե Զաքարյանի տունը թանգարանի վերածելու խնդրի լուծում դեռ չունի
Հայաստանի մշակույթի նախարարությունը դեռ չունի հստակ լուծում հայ օպերային երգչուհի, հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի՝ Ախալցխայում գտնվող տունը ձեռք բերելու և թանգարան հիմնելու հարցի վերաբերյալ:
«Դա շատ հետաքրքիր թեմա է: Միայն Վրաստանում մենք ունենք մեկ տասնյակից ավելի մշակութային գործիչների տներ: Եթե հիմա ճիշտ չափորոշիչներ չկիրառենք, ուրեմն այս խնդիրը չենք կարող լուծել: Այդ չափորոշիչները հստակեցնելու համար նախարարությունը նախատեսում է հանրային քննարկումներ անցկացնել», - ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցին:
«Ինչու՞ չեք կարծում, որ Լուսինե Զաքարյանի՝ Երևանի տունը պետք է թանգարան դարձնել: Իհարկե, ձեր ասածի մեջ կա ճշմարտություն, որովհետև նա ապրել է հենց Ախալցխայի այդ տանը: Ինչպե՞ս վարվել. ես դեռ դրա պատասխանը չունեմ: Պատասխանները կլինեն, երբ քննարկումներ կանցկացվեն դաշտում գործող բոլոր շահագրգիռ կողմերի հետ», - նշեց նախարարը: