05/10/2016 11:24
Մշակույթի նախարարությունը հետաքրքրված է Ախալցխայում Լուսինե Զաքարյանի տունը թանգարանի վերածելու գաղափարով
Հայաստանի մշակույթի նախարարությունն ընդունելի և ոգևորիչ է համարում Ախալցխայում Լուսինե Զաքարյանի մանկության տան ձեռքբերման առաջարկը:
«Պետբյուջեում նման միջոցներ չլինելու պայմաններում նախարարությունը հետաքրքրված է հովանավորներ կամ գնորդ գտնելու հարցով՝ նպատակով, որ տունը հետագայում ծառայելու է որպես մշակութային կենտրոն կամ թանգարան», - Facebook-ի իր էջում գրել է մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Ռուզաննա Խաչատրյանը:
Նրա խոսքով, Ախալցխայի Հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնի նախագահ Էդուարդ Այվազյանի կարծիքով, նույն տանը կարելի է կազմակերպել նաև Ախալցխացի հանրահայտ մյուս հայազգի գործիչներին՝ Վարդգես Սուրենյանցին, Հակոբ Կոջոյանին, Կարպ Խաչվանքյանին նվիրված սրահներ:
«ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստ է նման դեպքում անհրաժեշտ ցուցանմուշների հավաքակազմ ապահովել, աջակցել տեղափոխության և ցուցադրանքը կազմակերպելու հարցում», - նշել է Ռ.Խաչատրյանը:
Հայ օպերային երգչուհի, հոգևոր երգերի ու տաղերի անզուգական կատարող, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Լուսինե Զաքարյանի՝ Ախալցխայում գտնվող հայրական տան ճակատագրի մասին ավելի վաղ գրել էր Aysor.am-ը:
Akhaltskha.net կայքի մեր գործընկերները տեղեկացրել էին, որ տունը վաճառքի է հանվել:
Լուսինե Զաքարյանի մանկության և պատանեկության օրրանն այժմ ոչ միայն անբարեկարգ վիճակում է, այլև վաճառվում է ներկայիս բնակիչների կողմից: Ամբողջական տունը բաժանելով երկու հատվածի՝ երկու տերերն էլ այն աճուրդի են հանել, մեկը 20, մյուսը՝ 25 հազար դոլար արժողությամբ: