06/10/2016 09:32
Լևոն Ալթունյանը տհաճ զրույց է ունեցել Գալուստ Սահակյանի որդու հետ. «Ժողովուրդ»
ՀՀ առողջապահության նախարարությունում առաջիկայում պաշտոնանկությունները անխուսափելի են։ «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ երեկ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը իր մոտ է կանչել փոխնախարար Տիգրան Սահակյանին (ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդուն) և նրա հետ տհաճ զրույց ունեցել։
Ենթադրվում է, որ Սահակյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի։ «Ժողովուրդ»–ը փորձել է Տիգրան Սահակյանից պարզել, թե ինչ է տեղի ունեցել։ «Դա ոչ իրատեսական և տրամաբանությունից հեռու տեղեկություն է։ Այդ տեղեկությունը տարածում են այն մարդիկ, որոնք ո՛չ հասկանում են առողջապահությունից և ո՛չ էլ քաղաքականությունից»,– պատասխանել է ԱԺ նախագահի որդին։
Թերթի այն հարցին, որ եթե նախարարն, այնուամենայնիվ, որոշի իրեն ազատել, ապա ինչպես կարձագանքի այդ փաստին, Սահակյանը պատասխանել է. «Շատ հանգիստ։ Ես ընդհանրապես պաշտոնից կառչած չեմ և ինչ-որ քայլեր չեմ ձեռնարկի։ Ի վերջո, մարդն է գեղեցկացնում պաշտոնին, այլ ոչ թե պաշտոնը՝ մարդուն»։