06/10/2016 19:57
Ադրբեջանի ՊՆ կողմից տարածված տեղեկատվությունը զինծառայողի մահվան մասին իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի արձակած կրակոցից զինծառայող է մահացել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ-ից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երբեք նախահարձակի դերում հանդես չեն գալիս և ամենայն պատասխանատվությամբ հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը:
Ավելին` հարկ է ընդգծել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հակամարտության գոտու տարբեր հատվածներում անհամեմատ ակտիվացրել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը` կիրառելով ոչ միայն փոքր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այլև գնդացիրներ ու հեռահար դիպուկահար հրացաններ: Ասվածի ամենաթարմ ապացույցը այսօր շփման գծի հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից կիրառված «Սև նետ» և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի խոշոր տրամաչափի դիպուկահար հրացաններից արձակված շուրջ 50 թիրախավորված կրակոցներն են: Ելնելով այս իրողությունից` ադրբեջանական կողմին խորհուրդ կտայինք նախազգուշացնելու փոխարեն հիշել հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ միջազգային հանրության առաջ ստանձնած պատասխանատվության մասին:
Միաժամանակ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հակառակորդի կողմից հայ զինծառայողի ցանկացած թիրախավորում անպատասխան չի մնալու: