06/10/2016 18:57
Թշնամու քարոզչությունն անգամ չպետք է քննարկվի. Հարցազրույց Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ
Ադրբեջանական լրատվամիջոցներում հայատյաց քարոզչության ակտիվացման, «Իսկանդեր» համալիրի հայտնվելուց հետո մեկնաբանությունների և ադրբեջանական մամուլի հրապարակումները հայկական ԶԼՄ-ներում արտատպելու վտանգների մասին Aysor.am-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ:
- Պարոն Մելիք-Շահնազարյան, վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները կրկին ավելացրել են հակահայկական քարոզչության չափաբաժինը։ Ակտիվություն է նկատվում նաև ադրբեջանա-արցախյան սահմանում։ Ի՞նչ կարող է այս ամենը նշանակել, սպառնալիքները կրկին շատանու՞մ են։
- Հետապրիլյան զարգացումների տրամաբանությունն ու արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի փաստացի դադարեցումը, կարծես, տեղեկատվական վակուում է առաջացրել թեման լուսաբանող ադրբեջանական լրատվամիջոցների և փորձագետների շրջանում։ Հայկական պետությունների և Ադրբեջանի սահմանում, ինչպես նաև դիվանագիտական հարթակներում ընթացող գործընթացների գրեթե զրոյական արդյունքը զրկել է նրանց սենսացիոն լուրերով ու մեկնաբանություններով հանդես գալու հնարավորությունից։ Այս փաստը լուրջ հարված է դարձել թե՛ այդ լրատվամիջոցների այցելությունների, և թե՛ դրանց ղեկավարների հասարակական կարևորության և հեղինակության համար: Առաջացած խնդիրը քողարկելու համար ադրբեջանական մամուլը որոշել է տեղեկատվական նոր առիթներ գտնել և կրկին ակտիվացնել իր հայատյաց քարոզչությունը։ Հատկապես հիմա, երբ Արդբեջանի հանրությունն այլևս փակված է համարում իրենց երկրում սահմանադրական փոփոխությունների էջը, այդ խնդիրն առավել մեծ կարևորություն է ստացել Ալիևի վարչակազմի համար։ Հանրությանը պետք է զբաղեցնել և կրկին առաջին պլան է գալիս ղարաբաղյան հակամարտության թեման։
- Հատկապես հետաքրքիր էին հայկական Զինված ուժերում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի հայտնվելու մասին լուրի մեկնաբանությունները ադրբեջանական մամուլում։ Բաքվում, կարծես, համոզված են, որ իրենք կարող են «Իսկանդերներին» հակադրվելու միջոց գտնել…
- Թող այդպես կարծեն։ Անկեղծ ասած՝ ես համոզված եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հասկանում է, որ այս ոլորտում անհուսորեն ետ են մնացել մեզանից։ Բայց նրանք չեն կարող խոստովանել դա իրենց հասարակությանը։ Այդ իսկ պատճառով տարբեր հեքիաթներ են հորինում այն մասին, իբր «Իսկանդեր» համալիրն իրականում Հայաստանին չի պատկանում, փչացած է, մուլյաժ է և այլն։ Հիմա էլ սկսել են խոսել պաշտպանիչ միջոցներ ձեռքբերելու մասին՝ կրկին հիմնական շեշտը դնելով իրենց երևակայության և ցանկությունների, բայց ոչ երբեք՝ իրական հնարավորությունների վրա։ Սա իրենց խնդիրն է, որը, կարծում եմ, մեզ այդքան էլ չպետք է հուզի։ Կարևորը թշնամու քարոզչական թեզերի բացահայտումն է։ Պետք է ամեն ինչ անել, որ Ալիևի հորինած հեքիաթները պատմվեն միայն Ադրբեջանում։
- Դուք կարծում եք, որ նրանց հեքիաթներին հավատում են նաև Հայաստանու՞մ։
- Համենայն դեպս, մենք դրանք քննարկում ենք։ Եվ դա արդեն խնդիր է։ Եկեք խոսենք ամենաթարմ օրինակի մասին: Խոսենք հայկական կայքերից մեկում հրապարակված մի հարցազրույցի մասին, որը հայտնի պրոպագանդիստ Օլեգ Կուզնեցովը տվել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին։ Այսօր այդ նյութը թարգմանվել է հայերեն։ Կուզնեցովն ասում է, իբր, սահմանադրական բարեփոխումները Հայաստանում և Ադրբեջանում անցկացվել են միայն մեկ նպատակով՝ որպեսզի Արցախը անցնի Ադրբեջանի հսկողության ներքո։ Օդից վերցված այս պնդումը ադրբեջանական քարոզչության համար շատ հստակ խնդիր է լուծում: Այսպիսով նրանք փորձում են համոզել իրենց հանրությանը, իբր ապրիլին սկսած պատերազմն ու իրենց կողմից հարյուրավոր զոհեր ունենալը ապարդյուն չեն անցել։ Իբր գործընթացը շարունակվում է և շուտով ադրբեջանցիները կհայտնվեն Ստեփանակերտում։ Իսկ ի՞նչ խնդիր է լուծում այդ «վերլուծությունը» հայկական կողմի համար։ Բնականաբար ոչ մի։
Նաև կարևոր է ուշադիր լինել, թե ումից և ինչ փորձագետներից են կարծիք հարցնում ադրբեջանական լրատվամիջոցները։ Այսպես, նույն Օլեգ Կուզնեցովը, բավական հայտնի կերպար է։ Նա ապրում է Վրաստանում, սնվում է Ադրբեջանից ստացվող ֆինանսներով, հանդիսանում է ադրբեջանական SOCAR-ին պատկանող «Կովկաս և Գլոբալիզացիա» («Caucasus & Globalization») ամսագրի խմբագրական խորհրդի անդամ և այլն։ Այսինքն պարզ է, որ նա անաչառ փորձագետ չէ և, հետևաբար, նրա «վերլուծություններն» էլ արժեքավոր չեն կարող լինել։
Այնպես որ խնդիրն իսկապես կա։ Եվ եթե Հայաստանում ադրբեջանական հեքիաթներին հիմա արդեն ոչ ոք չի հավատում, դա դեռ չի նշանակում, որ այլևս կարող ենք հանգիստ լինել։ Պետք է այնպես անել, որ թշնամու քարոզչությունն անգամ չքննարկվի։