07/10/2016 11:16
Ադրբեջանի՝ սահմանին ակտիվանալը իրենց հանրության ուշադրությունը շեղելու փորձ է. Դավիթ Բաբայան
Ադրբեջանական զինուժի ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում պայմանավորված է այդ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացմամբ, կարծում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Նախևառաջ, այդ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը, նավթի գների անկումը, լուրջ խնդիրներ կան գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտում, ընդհանրապես, կարելի է ասել, որ այս իրավիճակում իշխող կլանը անցկացնում է հանրաքվե, հավերժացնում է իշխանությանը մնալու իր փաստը, իսկ բնակչությունը դրանից դժգոհ է և, որպեսզի ինչ-որ ձևով շեղեն ուշադրությունը՝ կրկին արտաքին թշնամու դեմն առնելու քայլեր են անում, որպեսզի ցույց տան, որ, տեսեք, չպետք է ձեր դժգոհությունն արտահայտեք, որովհետև հայերը կարող են ոգևորվել դրանից ու սպառնալ Ադրբեջանին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նաև նշեց, որ Ադրբեջանի համար որևէ առիթ չկա ագրեսիվ պահվածք ցուցաբերելու համար:
«Իրենց էությունն է այդպես, որևէ տոտալիտար, ֆաշիստական երկիր երբևիցե չի վարել քաղաքակիրթ ու հավասարակշռված քաղաքականություն: Նրանք միշտ եղել են ագրեսիվ, միշտ էլ դրսևորել են նման հանցավոր պահվածք», - ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Այսօր առավոտյան Ադրբեջանի զինուժի կողմից արձակված կրակոցից Արցախում զինծառայող է վիրավորվել, իսկ գիշերը ադրբեջանական զինուժը կիրառել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր (155 կրակոց) և «ԻՍՏԻԳԼԱԼ» տիպի հեռահար դիպուկահար հրացան (109 կրակոց):