07/10/2016 16:53
Հոկտեմբերի 31-ից նոր ու հետաքրքիր նախագծեր՝ «Արմենիա Premium»-ի եթերում. Արմենիա TV-ի և Ucom-ի նոր համագործակցությունը
Որքան շատանում են հեռուստաալիքները, այնքան մեծանում է մրցակցությունն այդ դաշտում: Ու երևի այդ մրցակցության շնորհիվ է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը փորձում է իր դիրքերն առավել ամրապնդել մեդիաոլորտում:
Հեռուստադիտողներից շատերն այսօր կաբելային հեռուստացանցի սպառողներ են ու հեռարձակման հենց այս ոլորտում «Արմենիա» TV-ին և Ucom ընկերությունը ներկայացնում են 4 նոր նախագծեր՝ հումորային ու դրամատիկ ժանրերում:
Հոկտեմբերի 31-ից Ucom-ի բաժանորդները ամեն օր ժամը 21:00-ին հնարավորություն կունենան «Արմենիա Premium»-ի եթերում հետևելու «Հին արքաներ» բազմասերիանոց ֆիլմին, ծանոթանալու «Ցանկալի փեսացուին», «Change» սիթքոմին ու «Ազիզյանների» ընտանիքին:
«Նախորդ տարի «Արմենիա» TV-ն և Ucom ընկերկությունը հայկական կաբելային հեռուստատեսության ցանցում ստեղծեցին 6 նոր հեռուստաալիք, որոնք արագ սիրվեցին հեռուստադիտողների կողմից, իսկ նրանցից մեկը՝ «Արմենիա Premium»-ը, ստանձնեց առաջատարի դերը: Այսօր արդեն ձեռք ենք բերել նոր պայմանավորվածություն ու սա կարևոր իրադարձություն է կաբելային հեռուստատեսության ոլորտում: Հոկտեմբերի 31-ից Ucom-ի բաժանորդները սեղմելով հեռուստավահանակի վրա 0 կոճակը՝ կարող են վայելել մեր 4 սուպեր նախագծերը՝ սիրված դերասաններով` Հայկ Մարության, Հովհաննես Ազոյան, Նշանյաններ, Սոս Ջանիբեկյան, Մուրադ Ջանիբեկյան… Քանի որ «պրեմիում» և «լավագույն» բառերը նույնացվում են, ապա կարող ենք ասել, որ մեր 4 նոր նախագծերը համապատասխանում են պրեմիում չափանիշին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանը:
Իր հերթին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ընդգծեց, որ «Արմենիա» TV-ն և Ucom-ը առանձին զարգացած ընկերություններ են, որոնք «Արմենիա Premium»-ի հարթականում միանալով՝ ստեղծում են մի նոր ուժ:
«Կարծում եմ, մեր բաժանորդները գոհունակությամբ կհետևեն հեռուստատեսային այս արտադրանքներին: Այս պահի դրությամբ այս հարթակի համար առանձին վճար չի գործելու, կարծում եմ՝ հետագայում էլ այդպես կլինի», - նշեց նա:
Անդրադառնալով «Հին արքաներ» պատմական սերիալ-նախագծին, Դ. Բաբախանյանը խոստովանեց՝ գիտակցում էին, որ սա բավական լուրջ ու ծանր նախագիծ է, և՛ ռեսուրսային, և՛ ֆինանսական առումով բարդ է լինելու:
«Հենց այստեղ էլ մեզ օգնության հասան մեր գործընկերները, առանց որոնց դժվար կլիներ ստեղծել այն», - ասաց նա:
Նախագծերն առանձնանալու են եղածի մեջ թե՛ իրենց որակով, թե՛ բովանդակությամբ:
Դավիթ Բաբախանյանը վստահեցրեց, որ սա դեռևս ամենը չէ, նոր ու առավել հետաքրքիր նախագծեր են լինելու, որոնք միշտ լարված սպասումով կպահեն հեռուստադիտողին: