08/10/2016 15:50
Համանախագահների մոտեցման պատճառով Ալիևի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը. ՀՀ ԱԳՆ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքը հետևանք է այն բանի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները երկար ժամանակ հանդուրժում են նրա սադրիչ հռետորաբանությունն ու գործելաոճը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Հենց համանախագահների այդ մոտեցման պատճառով է, որ Ալիևի մոտ ամրապնդվում է ամենաթողության զգացումը, ու Բաքուն ավելի է սաստկացնում իր անհարգալից կեցվածքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու նրանց առաջարկությունների հանդեպ», - ասել է Շ.Քոչարյանը, պատասխանելով News.am-ի հարցին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին բանակցությունների առաջ մղման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև փաստացի մերժում է հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման՝ համանախագահ երկրների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքները», - ընդգծել է նա: