08/10/2016 10:23
Հովհաննես Ազոյանը՝ նոր նախագծի ու կերպարի մասին
Հոկտեմբերի 31-ից «Ucom»-ի բաժանորդներն «Արմենիա Premium»-ի եթերում ակնդիրը կլինեն 4 մեդիանախագծերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առաքելությունը:
«Change» սիթքոմը բաղկացած է լինելու 24 մասերից, ցուցադրվելու է շաբաթը 2 օր: Գլխավոր դերում հանդես է գալու Հովհաննես Ազոյանը՝ երկու՝ դերասան Մարսելի և հանցագործ Վիրաբի կերպարներով: Նրա համար առավել հոգեհարազատ է երկրորդ կերպարը:
«Արդեն բավական ժամանակ է՝ ուզում էի բացասական կերպարով հանդես գալ: Ինչպես կյանքում, այստեղ նույնպես բացասական կերպարներն էլ որոշակի դրական գծեր ունեն: Երկու կերպարներում շատ տարբեր եմ. իմ մարմնավորած դերասանն իմ պես խուճուճ է, հանցագործը՝ ձիգ կապված մազերով ու խիստ դեմքով», - Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց դերասանը:
Նկարահանվել են նաև Արմեն Մարգարյանը, Մարիամ Մելիքյանը, Արթուր Նալբանդյանը, Լիլիթ Հարոյանը, Անի Քոչարյանն ու Անի Պետրոսյանը: Ռեժիսորն է Գրիգոր Վահրամյանը, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը:
«Շատ լավ դերասանական կազմ է հավաքվել: Միշտ երազել եմ խաղալ Արմեն Մարգարյանի հետ, ում շատ եմ հավանում: Ու հիմա հնարավորություն ընձեռվեց: Իսկ սցենարիստ Աշոտ Աբրահամյանի հետ վաղուց ենք աշխատում», - նշեց մեր զրուցակիցը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Արմենիա Premium հեռուստաալիքին կարող են հետևել միայն Ucom կապի բաժանորդները, և արդյոք ինքն էլ այդ կապի սպառողներից է՝ Հ. Ազոյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց.
«Շատ լավ նախագիծ է, փաստորեն մարդկանց «ստիպում» է Ucom տեղադրել: Ինքս էլ այս կապից եմ օգտվում ու կարծում եմ՝ գնալով առավել պահանջված կդառնա ու արդյունավետ»: