12/10/2016 09:47
Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի. «Ժողովուրդ»
Հայաստանի կառավարման համակարգում ընթացքող կադրային փոփոխությունները շուտով կհասնեն նաև կենտրոնական բանկ։ «Ժողովուրդի» տեղեկություններով, ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի։
Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից, և մասնագիտական կարծիք կա, որ իր գործի գիտակն է։ Այս պաշտոնում Ջավադյանը նշանակվեց 2008-ի ապրիլին՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո։ Ջավադյանը 2014-ի մայիսին երկրորդ անգամ վերանշանակվեց ԿԲ նախագահ։ Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է 3 և կես տարի, ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ 6 տարի ժամկետով, միևնույն անձը երկու անգամից ավելի չի կարող այդ պաշտոնում նշանակվել։
ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից «Ժողովուրդը» փորձել է պարզել՝ Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում։ «Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»,- պատասխանել է Բերբերյանը։