14/10/2016 17:55
Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսերի վաճառքի մասին պարզաբանում են Օպերայի թատրոնից
Օրերս Երևանում Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի 100-ից ավել կեղծ տոմսեր են վաճառվել՝ յուրաքանչյուրը 4-5 հազար դրամ արժողությամբ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մասնակցությամբ ենթադրյալ համերգ-երեկոն պետք է կայանար Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Կայքերից մեկի տեղեկություններով՝ խաբեությունը պարզվել է այն ժամանակ, երբ տոմսեր ձեռքբերած քաղաքացիները գնացել են թատրոն՝ ներկա գտնվելու երեկոյին՝ իրենց հերթին անակնկալի բերելով թատրոնի աշխատակիցներին:
Aysor.am-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ: Տնօրեն Անդրանիկ Արզումանյանի ընդունարանից մեզ ուղղորդեցին թատրոնի հասարակայնության հետ կապերի բաժին:
«Այս մասին ես երկրորդ անգամ եմ լսում, բայց, միանշանակ, մեր թատրոնի անունից կարող եմ ասել, որ մեզ մոտ այդպիսի երեկո ո՛չ ծրագրավորված է եղել, ո՛չ էլ տոմսեր ենք վաճառել: Չեմ կարող պատասխանել, թե սա ինչ պատմություն է, միայն վստահեցնում եմ, որ մեզ հետ կապ չունի», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենեջմենթի և PR բաժնի ղեկավար Իրինա Գոգինյանը:
Դիտարկմանը, թե արդյոք թատրոնի տնօրինությունն այս մասին հայտնել է ոստիկանությանը՝ մեր զրուցակիցը պատասխանեց.
«Քանի որ վատառողջ էի ու տևական ժամանակ բացակայել եմ աշխատավայրից ու միայն երկու օր առաջ եմ վերադարձել, այդ հարցին չեմ կարող պատասխանել: Ճիշտ կլինի, որ այն ուղղեք տնօրինությանը»: