17/10/2016 15:14
Թուրքիան գործ չունի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Շարմազանովը հակադարձեց Լավրովին
Թուրքիան մի շարք պատճառներով անելիք չունի Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում կարող է դրական դեր խաղալ։
«ԱԺ փոխնախագահի շուրթերով էլ ասվում է՝ Թուրքիան գործ չունի հակամարտության կարգավորման հարցում։ Թուրքիան նախևառաջ իր պարտավորությունները պետք է իրականացնի և ճիշտ կլիներ, որպեսզի միջազգային հանրությունը ստիպեր Թուրքիային իր իսկ կողմից ստանձնած Ցուրիխյան պարտավորություններն իրականացնել», - ասաց Է.Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ն և ՀՀ-ն երբեք չեն համաձայնի, որպեսզի Թուրքիան որևէ դերակատարում ունենա հակամարտության լուծման հարցում։
ԱԺ փոխնախագահը նաև կոչ արեց Լավրովին հիշել ապրիլի 22-ին Երևանում իր կողմից արված հայտարարությունը, որով նա Թուրքիայի գործելաոճը քառօրյա պատերազմի ժամանակ որակում էր որպես պատերազմական կոչ։
«Հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երեք համանախագահների միջնորդությամբ։ Ավելին, ՀԱՊԿ-ի երևանյան հռչակագիրը ցույց է տալիս, որ ՀԱՊԿ անդամ երկրները, այդ թվում ՌԴ-ն, վերահաստատում են իրենց հավատարմությունը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, որտեղ վերահաստատվեց, որ խնդիրը պետք է ունենա խաղաղ կարգավորում Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով», - հավելեց նա։