17/10/2016 16:56
Սպառազինությունների մատակարարումը ՀՀ և ՌԴ միջև երկկողմ հարաբերությունների հարթությունում է. Քաղաքագետ
Սպառազինությունների մատակարարումը Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հարթությունում է, և կապ չունի ՀԱՊԿ հետ, Aysor.am-ի թղթակցին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Ըստ ամենայնի, պայմանավորվածություններ եղել են, բայց դրանք եղել են պաշտոնական հանդիպումների կուլիսներում՝ հայ և ռուս պաշտոնյաների միջև», - նշեց քաղաքագետը:
Նրա խոսքով, ինչ վերաբերում է սպառազինությունների մատակարարմանը, ապա դա անընդհատ պրոցես է, և վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել անհրաժեշտ զինատեսակներն ու տարբեր բաղադրամասեր:
«Այս տարի արդեն եղել են մատակարարումներ և մենք սեպտեմբերի 21-ին տեսանք դրանց մի մասը: Կարծում եմ, որ առաջիկայում ևս կլինեն նոր համալրումներ: Այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ժամկետների վրա: Տեղեկություն տարածվեց, որ մատակարարումները սկսվելու են արդեն մոտ օրերս: Ենթադրում եմ, որ Երևանում կայացած քննարկումների ժամանակ հայ պաշտոնյաները ռուս գործընկերներին ցույց են տվել, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ մատակարարումների ուշացումները, ինչն էլ ի գիտություն ընդունելով որոշվել է գործարքն անմիջապես անել: Հավանաբար, առաջիկա օրերին մենք արդեն ականատես կլինենք, թե ինչ պայմանավորվածություն է եղել», - ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը: