17/10/2016 09:30
Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացում. ՀՀ ԱԳՆ
Հոկտեմբերի 14-ին Երևանում ընդունված ՀԱՊԿ անդամ-երկրների նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունն աջակցություն է հայտնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրադրության սրում թույլ չտալուն, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Բացառապես խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի երեք հանրահայտ սկզբունքների՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա», - Շ.Քոչարյանի խոսքերը մեջբերել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նրա խոսքով, ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում արտահայտված է այդ հայտարարությամբ, «այլ ոչ թե ադրբեջանական լրատվամիջոցներով հրամցվող Թուրքիայի արտգործնախարարության կողմից Սերգեյի Լավրովի խոսքերի այլասերմամբ. որակավորում, որին նախկինում ԼՂ բանակցային գործընթացը խեղաթյուրելու համար արժանացել էր ադրբեջանական կողմը»:
«Թուրքիան իր բացահայտ միակողմանի դիրքորոշմամբ տեղ չունի և պետք է հեռու պահվի Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացից: Միակ դրական ազդեցությունը, որ Անկարան կարող է ունենալ ԼՂ կարգավորման հարցում, այն է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը և վերջ դնի Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական քայլերի խրախուսումը», - ասել է Շ.Քոչարյանը: