17/10/2016 19:29
Արմեն Ամիրյանը կարևորել է մշակույթի նախարարության համագործակցությունը Մայր Աթոռի հետ
Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարար տիար Արմեն Ամիրյանին:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է արդյունավետ ծառայություն ի նպաստ Հայրենիքի և հայ ժողովրդի մշակութային կյանքի զարգացման:
Վեհափառ Հայրապետը, կարևորելով մշակույթի դերակատարությունը հայոց կյանքում, մասնավորապես ընդգծել է, որ հայ ժողովուրդը դարերի ընթացքում նաև իր մշակույթի շնորհիվ է կարողացել ապրել ու հարատևել:
Նորանշանակ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը օրհնության ու գնահատանքի համար և կարևորել նախարարության համագործակցությունը Մայր Աթոռի հետ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նախարարության գործունեությանը և առկա մարտահրավերներին, խոսվել նաև սրբավայրերի ու պատմամշակութային այլ հուշարձանների պահպանության խնդիրների մասին: