17/10/2016 19:59
Թեև մարդիկ տարբերվում են դիմագծերով, սակայն հոգու խորքում բոլորն էլ փնտրում են ոչ շոշափելին, հոգևորը. Ռոբերտ Նիկողոսյան
Սևակ, Չարենց, Իսահակյան, Շիրազ, Կոմիտաս, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Արամ Խաչատրյան, Անդրանիկ, Մոնթե, Շառլ Ազնավուր… Արդեն տևական ժամանակ է՝ մայրաքաղաքի պատերը զարդարվում են հայ մեծերի դիմանկարներով: Մտահղացման հեղինակն ու իրականացնողը երիտասարդ, տաղանդավոր նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանն է, ում անդրանիկ` «Բազմա-դիմագծեր» խորագիրը կրող ցուցահանդեսը տեղի ունեցավ օրերս՝ Երիտասարդական մետրոյի կայարանում:
Հանդիպման վայրը պատահական չէր ընտրված, քաղաքի ամենաբանուկ հատվածներից մեկն այդ օրերին առավել մարդաշատ դարձավ:
Aysor.am-ը հյուրընկալել է Ռոբերտ Նիկողոսյանին:
-Ռոբերտ, շնորհավորում եմ ցուցահանդեսի կապակցությամբ: Ինչպե՞ս ծնվեց ցուցահանդեսի մտահղացումը: Որպես ցուցասրահ, ինչո՞ւ ընտրեցիք հենց Երիտասարդական մետրոյի կայարանը:
- Շնորհակալ եմ… Շատ եմ սիրում դիմանկարի ժանրը: Այս ցուցահանդեսի նպատակն այն մտքից առաջացավ, որ թեև մարդիկ տարբերվում են դիմագծերով, սակայն հոգու խորքում բոլորն էլ փնտրում են ոչ շոշափելին, հոգևորը: Հենց այդ կարիքով էլ շատ նման են միմյանց: Ինչ վերաբերում է վայրին, ապա քանի որ մոտ 7 ամիս աշխատել եմ այս նկարների վրա, որոշեցի՝ շատ մարդ պետք է տեսնի: Դրա համար ամենահարմար տարբերակը մետրոյի կայարանն էր, հատկապես՝ Երիտասարդական մետրոյի (ժպտում է):
-Քա՞նի նկար ցուցադրվեց:
-10 նկար:
-«Բազմա-դիմագծեր»… Ի՞նչ դիմագծեր էին թաքնված ցուցահանդեսում տեղ գտած նկարներում:
-Ընտրել եմ կյանքի դժվարության էտապն անցնող, բայց լավատեսության հույսը պահպանող մարդկանց հոգեվիճակը բնութագրող դիմագծեր: Մարտնչող մարդիկ են իմ հերոսները:
-Անդրանիկ ցուցահանդեսի համար ինչո՞ւ հենց այս խորագիրը ընտրեցիք: Ինքներդ այդպիսի դժվարությունների միջով անցե՞լ եք:
-Հատկապես վերջին շրջանում շատ մարդկանց մոտ եմ նկատել այդ հոգեվիճակը. մարդիկ շոշափելի բաներ են փնտրում՝ մտածելով, թե այդպես կարող են երջանկանալ: Դժվարությունների դեմ ճիշտ չեն պայքարում: Պետք է կարողանան սիրել, ներել, խաղաղեցնել դիմացինին, որպեսզի իրենք էլ նույն վերաբերմունքին արժանանան: Կարծում եմ՝ այսկերպ հեշտ կլինի հաղթահարել բոլոր տեսակի խնդիրները, հակառակ դեպքում՝ դժվարություններն անխուսափելի են:
-Դուք դիմանկարների հրաշալի շարք ունեք, որոնք նվիրված են հայ մեծերին:
-Այո, այդ շարքն արդեն ավարտել եմ: Մոտ 17 նկար:
-Ոչ-ոք դուրս չի՞ մնացել շարքից:
-Անկեղծ ասած՝ շատերը կան, որոնց ևս կարելի էր ընդգրկել այս շարքում: Այդպես գուցե անվերջանալի լիներ… Բայց ես ընտրեցի սկիզբ ու ավարտ, որպեսզի մարդկանց էլ հաճելի լինի, չձանձրացնի: Հետագայում, գուցե նորից անդրադառնամ հայ մեծերին, բայց դա բոլորովին այլ ֆորմատի մեջ կլինի:
-Կհիշե՞ք Ձեր նկարած առաջին նկարը:
-Եթե խոսքը «Սթրիթ արտի» մասին չէ, ապա, եթե չեմ սխալվում, 2-րդ կամ 3-րդ դասարանում էր: Իսկ «Սթրիթ արտը» սկսեցի նախորդ տարի մայիսին: Առաջին անգամ սփրեյով դիմանկար նկարեցի, Մհեր Մկրտչյանի նկարն էր:
-Ձեր նախընտրա՞ծ դերասանն է:
-Այո, հայ մեծերի շարքում ամենաշատն իրեն եմ սիրում: Այնպես չի, որ առանձնացնում եմ մյուսներից, ուղղակի շատ եմ հավանում այդ դերասանին: Մանկությանս ֆիլմերից շատ է տպավորվել իմ մեջ: Իրականում, մեր բոլոր մեծերն են լավը, բոլորն էլ կարևոր են ինձ համար:
-Ռոբերտ, թեև այդ նկարներով գեղեցկացրեցիք մեր քաղաքի պատերը, բայց հետաքրքիր է, խնդիրներ չառաջացա՞ն պատկան մարմինների հետ:
-Այո, խնդիրներ առաջացան, բայց հետո ամեն ինչ հարթվեց…
-Իսկ ինձ թվում էր՝ այս նախաձեռնության համար նույնիսկ պետք է Ձեզ վարձատրեին:
-Ոչ, ավելին, ես այս ամենն արել եմ իմ գումարներով, իմ հաճույքի համար: Նաև այն պատճառով շարունակեցի, որ ժողովուրդն էր հավանում:
-Առավել շատ Նորքի զանգվածի պատերն եք գեղեցկացրել:
-(Ժպտում է) Այո, մեծամասամբ Նորքի 4-րդ զանգվածի, որտեղ և ես բնակվում եմ:
-Ապրիլյան դեպքերը Ձեզ, կարծես թե, ստիպեցին անդրադառնալ նաև մեր այսօրվա հերոսներին. Երևանի Պետական Համալսարանի պատին վերջերս հայտնվեց Ռոբերտ Աբաջյանի նկարը…
-Անկեղծ ասած՝ ես այդ նկարի հետ կապ չունեմ: Դա իմ ոճը չի, ու այս նկարն այդպես գունավոր ես չէի նկարի… Պարզապես, քանի որ առաջին անգամ ես եմ նման նկարներով հանդես եկել, մարդիկ սկսեցին շրջանառել իմ անունը:
-Հնարավո՞ր է՝ դուք էլ անդրադառնաք մերօրյա հերոսներին:
-Չեմ կարծում… Ամեն դեպքում ներկա պահին նման մտադրություն չունեմ:
-Պատահե՞լ է, որ մարդիկ Ձեզ պատվիրեն իրենց դիմանկարը ևս հավերժացնել այս կամ այն շենքի պատին:
-Այո, նման պատվերներ եղել են, բայց երբեք չեմ նկարել ու չեմ էլ նկարի: Չեմ ցանկանա ամեն մարդու նկար հայտնվի մեր մեծերի կողքին: Այ, կտավի տեսքով պատվերներ եղել են ու նկարել եմ…
-Սպասենք նոր ու գեղեցիկ նկարների…
-Սպասենք… Անպայման կլինեն: