18/10/2016 13:25
Դավիթ Բաբայանը կոչ է անում Սամվել Բաբայանին պատերազմի հարցում օբյեկտիվ և անշահախնդիր լինել
Ադրբեջանը լայնածավալ պատերազմի է պատրաստվում արդեն 22 տարի ու սա ոչ ոքի համար գաղտնիք չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստվում է երկարատև ու լայնածավալ պատերազմի:
«Պատրաստվում են արդեն 22 տարի ու այս տարվա ապրիլին փորձել են սկսել ու պարտվել են: Կան լուրջ հիմքեր պնդելու, որ Ադրբեջանը հիմա չի գնա լայնածավալ պատերազմի, նախ որովհետև պարտվել է ապրիլին ու երկրորդ` լայնածավալ երկարատև պատերազմի վերսկսումը կարող է բերել շատ ավելի անկանխատեսելի հետևանքների ու տարբեր պետություններ, իրենց կամքին հակառակ, կարող են մասնակից դառնալ: Բայց անկախ սրանից` մենք պետք է միշտ պատրաստ լինենք սանձել Ադրբեջանին», - ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա` Սամվել Բաբայանի կողմից նման հայտարարության հիմքերը քաղաքական են:
«Ես հասկանում եմ, որ կա ընդունված կարգ, երբ քաղաքականություն մտնելու համար տարբեր հայտարարություններ է պետք անել, բայց այստեղ, կարծում եմ, պետք է անշահախնդիր մոտեցում ու օբյեկտիվ գնահատական: Սա միաժամանակ չի նշանակում, որ պետք է վարդագույն ակնոցներով նայել իրավիճակին` մենք գիտենք ով է մեր թշնամին, գիտենք ինչքան ապակառուցողական է, բայց քաղաքական խնդիրներն ուրիշ են, սա` այլ հարց է», - ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: