18/10/2016 14:04
Դավիթ Բաբայան. Թուրքիայի դերակատարման մասին խոսելով, Լավրովը նկատի է ունեցել Հայաստանի ու Արցախի ապաշրջափակումը
Լավրովի հայտարարությունը Ղարաբաղյան հարցում Թուրքիայի դերակատարման վերաբերյալ նշանակում էր, որ այս երկիրը պետք է հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը.
«Ընդհանրապես Սերգեյ Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկենք ամբողջությամբ, այդ թվում` նախկինում արված հայտարարությունները: Մենք գիտենք, որ Թուրքիան ունի վառ արտահայտված հակահայկական դիրքորոշում և կեցվածք: Թուրքիան չի կարող լինել միջնորդ երկիր ու սրա մասին բազմիցս ասվել է: Այլ բան է, որ Թուրքիան իսկապես ունի դերակատարություն այս տարածաշրջանում ու հակամարտության մեջ: Սա անհերքելի է, ընդ որում` ունի բացասական դերակատարություն, անընդհատ այս ուղղություններով շրջափակում, գրոհայինների ուղարկում Բաքու, ցեղասպանության հարց»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա, Թուրքիայի այս քաղաքականությունը հասկանում են միջնորդ բոլոր երկրներն, այդ թվում` Ռուսաստանը:
«Երբ որ ասում է, որ Թուրքիան կարող է դերակատարում ունենալ` Լավրովը նաև բացել է փակագծերը, թե ինչ է տեսնում այդ դրական դերակատարման տակ: Տեսնում է, որ պետք է ապաշրջափակի Հայաստանն ու օգտագործել է նաև Արցախի ապաշրջափակում տերմինը: Այսինքն` ունենա դրական դերակատարում ու հրաժարվի այս ապակառուցողական քաղաքականությունից, գոնե բացասական քայլեր չկատարի` սա արդեն կլինի դրական», - ասաց Դավիթ Բաբայանը: