18/10/2016 13:41
Արցախը որևիցե կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում. Շարմազանովը հակադարձում է Ալիևին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է՝ «Россия сегодня» միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շփոթել է «անկախ» և «ինքնավար» բառերը։
«Ալիևը չէ, որ պետք է ԼՂ ժողովրդի կարգավիճակը որոշի։ Եթե Ալիևը տեղյակ չէ բանակցային սկզբունքներից, ապա տեղեկացնեմ, որ դրանցից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է։ Այդ մասին նաև իրենց հայտարարություններում ասել են Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Նախիջևանի ինքնավար հանրապետության գոյությունը լավագույն վկայությունն է, որ մեր ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում՝ ինքնավար հանրապետության կարգավիճակով։ Ադրբեջանը Նախիջանում անգամ խաչքարերի հանդեպ հանդուրժող չէ, ժողովրդի նկատմամբ ինչպե՞ս կարող է հանդուրժող լինել»,-ասաց նա։
Ի.Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում փոխզիջումը հնարավոր է. Լեռնային Ղարաբաղը կարող է լինել ինքնավար հանրապետություն, սակայն ոչ անկախ հանրապետություն:
Է.Շարմազանովն ընդգծեց, որ Արցախի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է։
«Արցախի խնդրում մեզ համար ամենակարևոր խնդիրը կարգավիճակի հարցն է և մեր պատասխանը Ալևին հետևյալն է՝ Արցախը որևիցե կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում։ Պրոբլեմն ադրբեջանցիների մեջ է։ Եթե փոխզիջում ասելով, նկատի ունեն ինքնավար հանրապետություն, ապա տվայտանքների և ինքնախաբեության մեջ են։ Փոխզիջումը ԼՂ հանրապետության միջազգային ճանաչումն է, թե ինչի դիմաց՝ Ղարաբաղի իշխանությունն ու ժողովուրդը կորոշի», - ասաց նա։