18/10/2016 13:23
Երևանում մենահամերգով հանդես կգա «Յոթ/Ութ» խումբը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին ժամը 19-ին մենահամերգով հանդես կգա յուրատիպ «Յոթ/Ութ» («Seven/ Eight Band») խումբը:
Հայ հանդիսատեսի համար խմբի հետ ելույթ կունենան հատուկ հյուրեր Նորայր Բարսեղյանը և Միսիրլի Ահմեթը: Համերգը կազմակերպել է Mezzo Production ընկերությունը:
Խմբի հնչեցրած ստեղծագործությունների հիմքում 7/8 երաժշտական ռիթմն է, բայց երեկոյին կներկայացվեն նաև դասական և ժողովրդական գործեր, հեղինակային նոր ստեղծագործություններ՝ յուրահատուկ գործիքավորմամբ:
«Seven/ Eight Band»-ն առաջին անգամ ելույթ է ունեցել 2014 թվականին Ռուսաստանի նկարիչների կենտրոնական տան բեմում: Խմբի ստեղծման գաղափարը ծագել է Վարդան Կարիմյանի մոտ, ով ցանկություն ուներ մեկ երաժշտական նախագծում միավորել Ռուսաստանի` միաժամանակ տարբեր գործիքներ նվագող լավագույն երաժիշտներին: Կարիմյանը ծրագրել էր, որ «Seven/ Eight Band»-ը պետք է դառնա ոչ սովորական անսամբլ, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ փայլուն վիրտուոզ է և վարպետ. երաժշտական խմբի ամեն ելույթ պետք է լինի անզուգական ու հիշարժան: Բեմում պետք է հանպատրաստից արվեստ ծնվի: Ի դեպ, «Յոթ/Ութ» խմբի պրոդյուսերն է ՈՒՀԱ «ԵրՄի» թիմից հայտնի Արսեն Դանիելյանը:
Խմբի անդամ և համերգային երեկոյի հյուր հայազգի Նորայր Բարսեղյանը 14 տարեկանից ինքնուրույն է սովորել նվագել դուդուկ, զուռնա, կլարտներ և այլ գործիքներ: Նա աշխատել է ռուսական շոուբիզնեսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսիք են Ավրաամ Ռուսոն, Սոսո Պավլիաշվիլին, Գլյուկոզան և Իրինա Ալեգրովան: