19/10/2016 13:26
Այս երաժշտության մեջ նաև այդ օրերի էմոցիաներն են կուտակված. Հայկոն՝ «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի մասին
Երեկվանից համացանցում է հայտնվել ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքը, որի հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն է: Այս աշխատանքը հերթական անգամ ապացուցում է՝ երաժշտությունը համամարդկային լեզու է: Հայկոն, առանց խոսքերի, կարողացավ փոխանցել 28 տարվա հեռավորությունից արտացոլվող ապրումները, ցավն ու կորուստը:
Ֆիլմի շրջանակներում Հայկոյի և «Mars Media»-ի համագործակցությունը սկսվել է մեկ տարի առաջ: «Երկրաշարժի» երաժշտական պրոդյուսերը Վահագն Գևորգյանն է, երաժշտական գիծն էլ վստահված էր Հայկոյին և նրա ձայնագրման ստուդիային:
«Հենց այն ժամանակ, երբ գրում էի «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքը, ցավոք սրտի, ապրիլյան դեպքերը տեղի ունեցան: Այդ քառօրյա պատերազմը, մեր զինվորների կորուստն ինձ վրա շատ ծանր ազդեց ու, կարծում եմ, այս երաժշտության մեջ նաև այդ օրերի էմոցիաներն են կուտակված… Ես էլ տեսահոլովակը չէի դիտել, այն պատրաստել ու Մոսկվա էինք ուղարկել: Երեկ գիշեր պատահաբար տեսա, որ «Youtube»-ում է տեղադրվել, իսկապես հուզվեցի»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հայկոն:
Ի դեպ, «Երկրաշարժը» սեպտեմբեր ամսին ներկայացվել էր «Օսկարի»՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, սակայն ինչ-ինչ պատճառներով ամերիկյան կինոակադեմիայից ֆիլմն «Օսկարի» ցանկում ընդգրկելու մերժում ստացավ: Խնդիրն այժմ շտկման փուլում է, սակայն անկախ մասնակցությունից՝ կոմպոզիտորը վստահ է՝ հաջողված ու հաղթած ֆիլմ է:
«Ես շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց, բնականաբար, ամբողջ կազմով ցանկանում էինք, որ այս ֆիլմը ներկայացվի «Օսկարին», քանի որ արժնի է: Սակայն, անկախ դրանից՝ այս ֆիլմը կայացած է, որակյալ ու լավ ֆիլմ է: Հետաքրքիր մեսիջ ունի. տարիներ անց շնորհակալություն է այն մարդկանց, ովքեր այդ օրերին մեր կողքին են եղել»,-նշեց մեր զրուցակիցը:
Ֆիլմի փակ ցուցադրությունը տեղի է ունեցել նաև Գյումրիում. վերքի մասին առաջինը «պատմել» են հենց այն կրողներին:
«Այնտեղ մի ուժող էմոցիոնալ դաշտ էր ստեղծվել, ինչը նույնիսկ ես չէի սպասում: Մեկ տարի այս ֆիլմի շրջանակներում աշխատել եմ, ամեն մի կադրը անգիր գիտեմ, բայց բոլորովին նոր ապրումներով նայեցի ֆիլմը, ունկնդիրների շարքում նստած՝ հուզմունքից քարացել էի»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ՀՀ վաստակավոր արտիստը:
Լրահոս
Տվյալ բաժնի վերջին նյութերը
15/01/2025 11:19
Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ
11/01/2025 12:08