20/10/2016 19:09
Էդվարդ Նալբանդյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները
Հոկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրին նվիրված՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ խաղաղ գործընթացի առաջ մղման համար հրամայական է այդ պայմանավորվածությունների անվերապահ իրականացումը, ինչից Ադրբեջանը համառորեն հրաժարվում է:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հանգուցալուծման գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված ջանքերին։