20/10/2016 14:38
Հայրս ցանկացավ, որ ես զուգահեռներ անցկացնեմ նրանց միջև ու գտնեմ երկուսին կապող կամուրջը. Մանան Գարուկյանը՝ «Նարեկացուց մինչև Բախ» հուշ-երեկոյի մասին
Հոկտեմբերի 20-ին ժամը 19:00-ին հայ մեծերի հարևանությամբ գտնվող Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգային դահլիճում տարբեր ժամանակների երկու հանճարները՝ Նարեկացին ու Բախը ներդաշնակություն կձևավորեն: Երեկոն նվիրված է Հենրի Գարուկյանի հիշատակին, իրականացնողը գեղանկարչի դուստրն է՝ ջութակահարուհի Մանան Գարուկյանը:
«Սա հայրիկիս՝ Հենրի Գարուկյանի մտահղացումն է, որը նրա մոտ 5 տարի առաջ էր ծագել: Հոգուս պարտքն էր՝ իրականացնել իր ցանկությունը… Հայրս աշխատում էր դասական երաժշտություն լսելով ու այդ ամենն իր նկարչության մեջ զգացվում է: Հիմնականում, Բախի երաժշտությունն էր շատ սիրում, մեր տուն-արվեստանոցում անընդհատ բարձր հնչում էին Բախի բազմաժանր ստեղծագործությունները: Մի օր ինձ ասաց՝ Մանան, զգում եմ, որ քեզ մոտ Բախը մի այլ կերպ է ստացվում: Միգուցե փորձե՞ս Նարեկացու «Մատյան ողբերգությունն» ու Բախի երաժշտությունը համադրել միմյանց` մեկ ծրագրի շրջանակներում», - Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց գեղանկարչի երաժիշտ դուստրը՝ Մանան Գարուկյանը:
Բացի հանճար լինելուց՝ ի՞նչը կարող է կապել տարբեր ժամանակաշրջաններում ու տարբեր երկրներում ծնված և ստեղծագործած երկու համաշխարհային, համամարդկային մեծություններին:
«Հայրս ցանկացավ, որ ես զուգահեռներ անցկացնեմ նրանց միջև ու գտնեմ երկուսին կապող կամուրջը: Շա՜տ լուրջ ու պատասխանատու առաջադրանք էր: Միայնակ չէի կարող և աջակցության նպատակով դիմեցի հորս մոտ ընկեր, մշակութաբան Ռուբեն Անգալադյանին: Նա հանձն առավ ինձ օգնել: Երկարատև աշխատանքից հետո ԱՄՆ-ից ինձ ուղարկեց կոնցեպցիան, որում ձևակերպված էր նաև 10-րդ դարի հայ բանաստեղծի և 18-րդ դարի գերմանացի կոմպոզիտորի ընդհանրությունը. դա նախևառաջ ներքին ազատությունն է, որը երկուսի մոտ էլ արտահայտվում է ձայնի սկզբնաղբյուրի մեջ թափանցելու և դրան նոր ներդաշնակ կառուցվածք տալու ձգտմամբ: Սա է կարևորագույն այն պահը, երբ միաձուլվում են ինչպես սեփական իմացություններն ու զգացողությունները, այնպես էլ Աստվածաշնչի և ականավոր վարպետների՝ բանաստեղծների, կոմպոզիտորների, փիլիսոփաների և աստվածաբանների փորձը», - նշեց մեր զրուցակիցը:
1 ժամ տևողությամբ՝ «Նարեկացուց մինչև Բախ» խորագիրը կրող երեկոյի գլխավոր նպատակն է՝ նպաստել հայ և արտասահմանյան մշակութային արժեքների երկխոսությանը՝ համատեղելով արվեստի տարբեր ոլորտներ: Հատկապես Նարեկ ներկայացնելու դեպքում առաջնային է ձայնի տոնայնությունը: Մինչ այսօր, կարծում եմ, անգերազանցելի է եղել Սոս Սարգսյանի ներկայացրած «Մատյան ողբերգությունը», ու նրա կողքին, անշուշտ, նոր նշաձող սահմանելը բոլորովին էլ դյուրին չէ:
«Ծրագիրը կազմելուց հետո հանդիպեցի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի առաջատար դերասաններից Մակիչ Մարգարյանին: Տարբեր առիթներով նրա հետ զրուցելիս զգացել էի՝ այնքան պաշարով մարդ է, որ անհնար է այս ամենը չկարողանա իրագործել: Նա ինձ օգնեց և՛ սցենարի, և՛ բեմականացման, և՛ խոսքը ճիշտ մատուցելու իմաստով: Ձայնային ճիշտ տվյալներ ունի, բեմական խոսքի կուլտուրա, գույներ, հասկանում է «պաուզայի» գաղտնիքը… Չեմ կարծում, թե նրա ձայնը չի դիպչի մարդկանց սրտերին», - նկատեց Մ. Գարուկյանը:
Մանան Գարուկյանի և Մակիչ Մարգարյանի դուետին կմիանա նաև Երևանի Պետական Կոնսերվատորիայի դասախոս, դաշնակահար Արմեն Աղաջանյանը:
Երեկոյի ընթացքում բեմը կզարդարի Հենրի Գարուկյանի սեղծած ոսկեպատ գեղանկարներից մեկը, որտեղ պատկերված է Սուրբ Մարիամ Աստվածածինը՝ Քրիստոսի հետ: Գեղանկարիչն այն ստեղծել է մահից մեկ տարի առաջ՝ 2015 թվականին: Կոչվում է «Գեղարդ»:
Հարցին, թե արդյոք սա մեկանգամյա ծրագիր է՝ ջութակահարուհին պատասխանեց.
«Մենք այսկերպ Հայաստանը տանում ենք դեպի համաշխարհային մեծություններ, և, բնականաբար, այս ծրագիրը մեկանգամյա չէ: Այն ճանապարհ ունի անցնելու ու թեման հետագայում անպայման կզարգացվի: Կարծում եմ, մեր դուետին կմիանան այլ երաժիշտներ ևս: Այս անգամ մենանվագ է ընտրված, քանի որ Նարեկացին ճգնավոր էր ու սա և՛ իր մենախոսությունն է առ Աստված, և՝ գործիքի մենախոսությունը», - Aysor.am-ի հետ զրույցն ավարտեց նա: