21/10/2016 14:23
Հայկական վիրտուալ համալսարանն ու Սմիթսոնյան ինստիտուտը «Վայոց Ձոր» էլեկտրոնային գիրք են հրատարակելու
Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և Սմիթսոնյան ինստիտուտը համատեղ կհրատարակեն մուլտիմեդիա էլեկտրոնային գիրք՝ նվիրված Վայոց Ձորում զբոսաշրջությանը:
Համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրվել է կողմերի միջև ՀԲԸՄ «Հայաստան» սրահում:
ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանի խոսքով, համագործակցության արդյունքում կհրատարակվի էլեկտրոնային գիրք, որի նպատակն է աջակցել Հայաստանում զբոսաշրջության խթանմանը և մշակույթի պահպանմանը:
«Մեզ համար այսօր շատ ուրախալի օր է, քանի որ այսօրվա այս համաձայնագիրը ստորագրելու միջոցով մենք կամրապնդենք նոր մեր որդեգրած ուղղություններից մեկը, այն է՝ մեր ներուժը և ցանցը օգտագործել՝ հզորացնելու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը: Իսկ զբոսաշրջությունը Հայաստանում առաջնային ոլորտներից մեկն է», - նշեց Վազգեն Յակուբյանը:
Հայաստան հրավիրված ԱՄՆ ՄԶԳ տնտեսական զարգացման գրասենյակի տնօրեն Լայլա Էնդրյուս Բաշանը նշեց, որ Հայաստանն ունի զբոսաշրջության զարգացման մեծ կարողություններ:
«Հույս ունենք Սմիթսոնյան ինստիտուտի «Իմ Հայաստան» ծրագրի հետ համատեղ զարգացնել զբոշարջությունը Հայաստանում», - նշեց Լայլա Էնդրյուս Բաշանը:
«Իմ Հայաստան» ծրագրի ղեկավար, Սմիթսոնյան ինստիտուտի ներկայացուցիչ Օլիվիե Մեսմերը պատմեց «Վայոց Ձոր» էլեկտրոնային գրքի ստեղծման համար տարվող աշխատանքների մասին, տեղեկացրեց, որ այն սկսվել է 6 ամիս առաջ, ձևավորվել է հետազոտողների մեծ խումբ, որոնք այցելել են Վայոց Ձորի 25 գյուղ, խոսել են մոտ 200 հոգու հետ, որպեսզի արձանագրեն մշակութային բոլոր ժառանգությունների մասին պատմող նյութը «Վայոց Ձոր» էլեկտրոնային գրքում:
ՀՎՀ հիմնադիր և նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը տեղեկացրեց, որ «Վայոց Ձոր» էլեկտրոնային գրքի հրապարակումը նախատեսվում է 2017 թվականի գարնանը: