21/10/2016 16:12
Ֆրանսիայի դեսպանը սիրում է հայկական տոլման ու թանապուրը, հասցրել է սովորել նաև հայերենը. Հարցազրույց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն Aysor.am-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչպես է իրեն զգում Հայաստանում, ինչ կերակուր է սիրում և ինչ ընդհանրություններ ունեն հայերն ու ֆրանսիացիները:
- Հարգելի պարոն Շարպանտիե, արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում ներկայացնում եք Ֆրանսիան, արդեն հասցրել եք ընտելանալ այստեղի ապրելակերպին: Արդյո՞ք Ձեզ դուր է գալիս Հայաստանում:
- Այո, ես այստեղ ինձ լավ եմ զգում, քանի որ հայերը շատ հյուրընկալ և ջերմ են, միևնույն ժամանակ հարգալից և հետաքրքրասեր օտարազգիների նկատմամբ: Սա դյուրացնում է շփումը և հաղորդակցվելը: Երևանը բնության գողտրիկ մի վայրում գտնվող հին քաղաք է՝ լի հմայքով, որն անտարբեր չի թողնում և շատ շարժունակ է: Այստեղ միշտ անելու հետաքրքիր մի բան կգտնվի:
- Տարբեր երկրներում եք դիվանագիտական ծառայության եղել: Կարո՞ղ եք համեմատականներ անցկացնել նախկին և ներկա փորձի միջև:
- Տարբերությունը, հավանաբար, Ֆրանսիայի հետ կապի ուժգնության մեջ է: Այստեղ, Հայաստանում, զգացվում է մեծ ու անկեղծ սեր դեպի Ֆրանսիան և մեր հետ աշխատելու իրական ցանկություն:
- Ձեր կենսագրության մեջ նշված է, որ մի քանի լեզվի եք տիրապետում: Հասցրե՞լ եք արդյոք Հայաստանում գտնվելու ընթացքում ուսումնասիրել հայերենը: Եթե այո, կարո՞ղ եք համեմատել հայերենի բարդության մակարդակը ֆրանսերենի հետ, և նշել, թե ո՞րն է ավելի բարդ:
- Ավաղ, իմ բնական հետաքրքրասիրությունը և սերը լեզուների նկատմամբ ինձ մղեցին հայերեն սովորել: Ասում եմ «ավաղ», որովհետև հայերենը գրավիչ, սակայն դժվար լեզու է: Ինչևէ, չկա մի լեզու, որ հնարավոր չլինի սովորել: Կարևորը եռանդով և հետաքրքրվածությամբ հետամուտ լինելն է: Հայերենի պարագայում, նախ հարկավոր է ընտելանալ բոլոր լեզուներից տարբերվող այբուբենին, հետո մտապահել բառապաշար, որ ձևավորել և նշանակալիորեն հարստացրել է պատմության 17 դարերի կերտած մշակույթը: Չնայած ամեն ինչին, այբուբենի անջրպետը հաղթահարելուց, ինչպես նաև երկու տարի բծախնդրությամբ սերտելուց հետո, հայերենը թվում է ճկուն լեզու, հարմարվող քերականությամբ, որից կարելի էր վախենալ առաջին հայացքից:
Սակայն ամենաշատն ինձ զարմացնում է հայերի հակազդելը, երբ փորձում եմ նրանց հետ հայերեն խոսել: Ինձ հաճախ պատասխանում են օտար լեզվով, համոզված, որ ոչ մի օտարերկրացի ընդունակ չէ իրենց հասկանալ երբ իրենց լեզվով են խոսում:
- Հայ ընթերցողին հետաքրքիր կլինի իմանալ, թե Դուք ինչպես եք վերաբերվում հայկական խոհանոցին: Ունե՞ք նախընտրած ճաշատեսակներ:
- Ինչպես և հայկական մշակույթը, խոհանոցը ևս ժառանգել է հին ավանդույթները: Այն առատ ու հագեցնող է, համառատ և գունառատ: Այն կապված է իր հողին: Անձամբ ես սիրում եմ թանապուրը կամ տոլման: Ասեմ նաև, որ հիացած եմ, որ մոռացության տրված բազմաթիվ տասնամյակներից հետո, հայերը վերադառնում են խաղողագործության իրենց հին ավանդույթներին:
- Լինելով ֆրանսիական մշակույթի կրող՝ գտե՞լ եք որևէ նմանություն հայկական մշակույթի հետ:
- Իսկապես կա: Հատկապես գաստրոնոմիայի տեսանկյունից: Հայերը, ինչպես և ֆրանսիացիները սիրում են համեղ ուտել, գիտեն արժանին մատուցել հողի տված բարիքներին: Սակայն, կերակուրը վայելելը հազվադեպ է մեկուսի տեղի ունենում: Ճաշը կիսում են ընտանիքի, ընկերների հետ: Օրվա հատուկ այդ պահին՝ կեսօրին կամ երեկոյան, խիստ ընդգծված մտերմիկություն կա Ճաշի սեղանի շուրջ :
Ֆրանսիացիների և հայերի միջև այլ կարևոր ընդհանրություններ էլ կան՝ անհատականությունը և սեփական ծագումով հպարտ լինելը:
- Եվ վերջին հարցս արդեն քաղաքական է: Սեպտեմբերի 22-ին Հայաստանում էր Ֆրանսիայի Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Լյուկ Քարվունասը, որը նշեց, որ առաջիկայում Ֆրանսիայի Սենատի վերին պալատում քննարկվելու է «Հավասարության և քաղաքացիության մասին» օրենքում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթը: Այն ընդունվեց Սենատում: Ձեր մեկնաբանությունը:
- Ինչպես գիտեք, Հավասարության և քաղաքացիության օրենքը ցեղասպանությունների, պատերազմի և մարդկության դեմ գործած հանցագործություների քրեականացման մասին 2016 թվականի հունիսի 27-ին արված ուղղումով, նախ միաձայն քվեարկվեց Ազգային ժողովում, իսկ հոկտեմբերի 14-ին ընդունվեց Սենատում:
Հուսով եմ, որ այդ կարևոր քննարկումները կարժեվորեն և կզարգացնեն հիշողության նկատմամբ պարտավորվածությունը և հումանիզմը: Հիշողության ուղղությամբ տարվող աշխատանքը կարևոր է խաղաղության և խաղաղ զարգացման համար՝ թոթափելով սրտերում կուտակված լարվածությունը և ոխակալությունը: