24/10/2016 18:45
Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը. Արցախի նախագահն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին և նրանց ուղեկցող պաշտոնյաներին:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է հավատարիմ մնալ իր ապակառուցողական դիրքորոշմանը՝ խախտելով զինադադարի ռեժիմը եւ չհրաժարվելով հայատյաց քաղաքականությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է զինադադարի ռեժիմի պահպանմանն ու խախտումների վերհանմանն ուղղված մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը՝ այն համարելով խաղաղ գործընթացի առանցքային բաղադրամասերից մեկը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ֆրանսիացի պաշտոնաթող համանախագահ Պիեռ Անդրիոյին` ազնիվ ու արդյունավետ աշխատանքի համար՝ նրան մաղթելով հաջողություններ կյանքում եւ հետագա աշխատանքում: