24/10/2016 18:26
Ալբոմի անունը պետք է ալբոմի ձայնը ներկայացնի, ոչ թե կոնկրետ մեկ երգ. Անդրե Սիմոնյանը՝ «The Beautified Project» խմբի նոր ալբոմի և մենահամերգի մասին
Այսօր ժամը 19:30-ին Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում տեղի կունենա «The Beautified Project» ռոք խմբի մենահամերգ-շնորհանդեսը, որի ընթացքում խմբի անդամները երկրպագուներին կներկայացնեն իրենց չորրորդ՝ «Pale Nightingale» ալբոմը: Համերգի ընթացքում հնչելու են նոր ալբոմի բոլոր երգերը, նաև՝ նախկին ալբոմների սիրված գործերը:
«Այս ալբոմում 8 գործ է ներառված, որից 7-ը անգլերենով գրված հեղինակային գործեր են: Մեր նախկին ալբոմներում չեն եղել, բայց դրանցից մեկ-երկուսն արդեն նույնիսկ տեսահոլովակ ունեն: 8-րդը «Արագիլ» երգն է, որը Հայաստանում շատ էր սիրվել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց խմբի հիմնադի անդամ, երաժիշտ, երգիչ Անդրե Սիմոնյանը:
Ի դեպ, «Pale Nightingale»-ը հայերեն թարգմանությամբ նշանակում է «Գունատ սոխակ»: Սովորաբար, ձայնասկավառակները կրում են նրանում տեղ գտած երգերից մեկի անունը, սակայն այս դեպքում ալբոմի խորագիրը բոլորովին այլ ենթատեքստ ունի:
««Գունատ սոխակ» ալբոմի հիմնական գաղափարն այն է, որ գիտնականների վերջին տարիների ուսումնասիրմամբ ու խոստովանմամբ՝ բնության մեջ պակասել է թռչունների ձայնը: Մենք էլ համեմատական ենք անցկացրել լավ ու որակյալ երաժշտության հետ, որը համաշխարհային մշակույթում պակասել է: Հենց այդտեղից էլ առաջացել է ալբոմի «Գունատ սոխակ» անունը: Ինչ վերաբերում է համանուն երգին, ապա նման երգ չկա: Միայն երգերից մեկի մեջ առանձին-առանձին օգտագործվել են «pale» և «nightingale» բառերը: Եվ ասեմ, երբեք մեր ձայնասկավառակների անուններով երգեր չենք ունեցել, մեզ համար ալբոմի անունը պետք է ալբոմի ձայնը ներկայացնի, ոչ թե կոնկրետ մեկ երգ», - մանրամասնեց մեր զրուցակիցը:
Գրեթե 2.5 ժամ տևող համերգի վայրը պատահական չի ընտրված, սա «The Beautified Project» խմբի ամենասիրելի ժամադրավայրն է:
«Արդեն 10 տարուց ավելի է՝ մեր մենահամերգներն այստեղ են տեղի ունենում, որովհետև միակ սրահն է, որն ունի ռոքային համապատասխան միջավայր ստեղծելու հնարավորություն, լուսավորություն: Բեմի կառուցվածքը շատ հարմար է, ռոքային տրամադրությունն անգամ նկարների միջոցով է հետո արտահայտվում», - ընդգծեց նա:
Օրվա հատուկ հյուրն է լինելու երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով խմբի նոր ալբոմում տղաների հետ մեկ զուգերգ ունի՝ ձայնագրված 1.5 տարի առաջ: