24/10/2016 13:56
Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային երեկոները
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին Բուենոս Այրեսի Coliseo թատրոնում ղեկավարել է, իսկ հոկտեմբերի 26-ին Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում կղեկավարի «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը։
Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը ներկայացրել է Էրնեստո Սաբատոյի և Պաբլո Ներուդայի ստեղծագործությունները՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի և Ջոն Թավեների ստեղծագործության ուղեկցությամբ։
Որպես մենակատարներ հանդես են եկել ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան և թավջութակահարուհի Նինա Կոտովան։ Համերգային ծրագիրն անցկացվել է հետաքրքիր ձևաչափով՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։