24/10/2016 18:49
Նալբանդյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կանցլերին է ներկայացրել ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
Հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կանցլեր և արտաքին գործերի նախարար Ալբրեխտ ֆոն Բեզըլագերի հանդիպումը, ով Հայաստան է ժամանել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի գլխավորած պատվիրակության կազմում:
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Մալթայի Մարտական Ուխտի միջև հաստատված բարեկամական հարաբերություններին և քննարկել դրանց զարգացմանն ուղղված քայլերը:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ դեռևս միջնադարում Կիլիկիո Հայոց Թագավորության և Ուխտի միջև հաստատված սերտ փոխգործակցությունը պատմական և մշակութային ամուր հիմք է հանդիսանում համագործակցության ընդլայնման և ամրապնդման առումով: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Ուխտի կողմից Հայաստանում և Արցախում իրականացվող մարդասիրական ծրագրերը։
Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը վստահություն է հայտնել, որ Մալթայի Ուխտի մեծ վարպետի պետական այցելությունը Հայաստան նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։
Էդվարդ Նալբանդյանը և Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային արդի խնդիրները, Մերձավոր Արևելքում իրավիճակը, սիրիական ճգնաժամը։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները, միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, որոնք հետ գցեցին խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը:
Միաժամանակ, նախարար Նալբանդյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերին: