24/10/2016 12:02
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում ասվում է.
«Ներսես Հովհաննիսյան դերասանի, ռեժիսորի ու սցենարիստի մասնակցությամբ ֆիլմերն անցել են ժամանակի փորձությունն ու այլեւս չեն ճանաչում ժամանակի սահմանները: Դրանք, որպես պատմության ու մշակույթի անմոռանալի գեղարվեստական ու մարդկային էջեր, Ներսես Հովհաննիսյանի անժխտելի վարպետության ու ստեղծագործական ինքնատիպ ձեռագրի շնորհիվ միավորում են հայկական ու հետխորհրդային կինոտարածքների բազմաթիվ արվեստասերների:
Նրա ստեղծած ֆիլմերը հասկանալի ու սրտամոտ են տարբեր սերունդների մարդկանց, ովքեր դրանց միջոցով անմիջականորեն են տեսնում, զգում ու նաև վայելում կյանքը, ստանում դրական ազդակներ ու յուրահատուկ էներգիա»:
Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության և մխիթարանքի խոսքերն է հղել Ներսես Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին: